ՏՐԱՆՍՊՈՐՏԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ռեժիմով, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող գրեթե բոլոր ավտոբուսները չեն գործի:

«Արցախի շրջափակմամբ պայմանավորված՝ վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն հաշվարկներ է պարբերաբար իրականացնում, եւ եթե մինչեւ օրս հնարավոր էր պահպանել երթուղիների քանակը որոշակի սահմանափակումներով, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիները»,- ԼՂ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։

ԼՂ-ում մինչհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռեւս գործող չվացուցակով, սակայն այդ երթուղայինների աշխատանքն էլ երկար չի շարունակվի՝ հաշվի առնելով վառելիքի սուղ պաշարը:

 

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ

Հիմնանորոգվում է Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։

«Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են

 

ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիմնանորոգումը մեկնարկել է այս տարի, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։

Նշվում է, որ հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

 

 

 

ՆՈՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ, մարզաշխարհի երախտավորներ:

Ներկաները շրջել են հիմնանորոգված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, հետեւել մարզիկների պարապմունքներին:

«Դժվար է գերագնահատել նման ենթակառուցվածքներ ունենալու կարեւորությունը: Սա մեր երեխաների համար առաջին հերթին սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպ ունենալու հնարավորություն է, որը մեծ նշանակություն ունի նաեւ հասարակության զարգացման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ խաղային մարզաձեւերի զարգացումը նախարարության համար առաջնահերթ ուղղություն է, եւ պետք է շարունակաբար խրախուսել երեխաների հետաքրքրվածությունն այդ մարզաձեւերով:

Մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, հատկացվել էր 24 մլն դրամ: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճում ապահովված են հիմնական պահանջները՝ կառույցի սեյսմակայունություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն, ներքին հաղորդակցման ուղիներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջեռուցում), օդափոխություն, տեսահսկման համակարգերի կառուցում կամ հիմնանորոգում, տարածքի բարեկարգում, գոյություն ունեցող շենքի եւ շինության հատակագծային լուծումների արդիականացում եւ միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարում եւ այլն:

Ապրիլին կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության շրջանակում «Կիլիկիա» մարզադահլիճը դարձել էր ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:

Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոման Ամոյանի խոսքով՝ արդեն իսկ շուրջ 150 երեխա է հաճախում մարզադպրոց, նոր հաստիքացուցակով աշխատում է 12 մարզիչ:

Բադմինթոնի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը եւս փաստել է, որ մեծ հաջողություններ գրանցելու նախապայմաններն ապահովված են, ինչը կնպաստի մարզաձեւի զարգացմանը Հայաստանում:

Օգոստոսի 5-ին Հայաստանի թիմը մասնակցելու է մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի բադմինթոնի առաջնությանը:

 




Լրահոս