Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի եւ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ համագործակցությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հուլիսի 15-ին տվել է Pax Armenica (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
«Գաղափարը հղացել էր դեռեւս մեկ տարի առաջ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ 2022թ. հունիսի 15-ին Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, երբ նախարարը պատրաստակամություն հայտնեց որպես հասարակական աշխատանք աջակցել ՀՀ դեսպանությանը այս հարցում՝ միեւնույն ժամանակ ակնկալելով երկարաժամկետ առումով սոցիալական բարիք ստեղծել Փարաքար համայնքի համար։
Շուրջ մեկ տարի տեւած անխոնջ աշխատանքի եւ գերազանց համագործակցության արդյունքում այս նախագիծն իրականություն դարձավ։
Փառատոնը նշանավորում է նաեւ Երեւանի եւ Կարարայի միջեւ քույրացման հուշագրի 50-ամյակը եւ նվիրվում է հանրահայտ հայ քանդակագործ Արա Հարությունյանի հիշատակին։ Բոլոր մարմարները փառատոնին նվիրաբերվել են Կարարա քաղաքի կողմից։
Արա Հարությունյանն իր ստեղծագործական տաղանդով մեծ ներդրում է ունեցել Երեւանն ու Կարարան կամրջելու գործում՝ հեղինակելով Կարարայում գտնվող Հայ-իտալական բարեկամության հուշարձանը, ինչպես նաեւ նպաստելով Երեւանում մեր երկու հիասքանչ քաղաքների քույրացումը նշանավորող հուշարձանի տեղադրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ յոթ երկրներից ժամանած հայտնի քանդակագործներն ավելի քան 20 օր Կարարայից նվիրաբերված սպիտակ մարմարից եւ հայկական տուֆից կերտելու են խաղաղությանը նվիրված 15 քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երեւան քաղաքին՝ ի նշանավորումն Երեւանի եւ Կարարայի համագործակցության 50-ամյակի։
Փառատոնի շրջանակներում AknEye ընկերության կողմից առաջին անգամ ստեղծվելու են ֆիզիկական քանդակների թվային՝ NFT տարբերակները, որոնց վաճառքից գոյացած գումարներն ուղղվելու են Փարաքար համայնքում ժամանակակից արվեստանոցի ստեղծմանը:
«Փառատոնին իր մասնակցությունն է բերել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին Իտալիայից հրավիրված պատվավոր հյուրերի մասնակցությամբ»,- հայտնում է աղբյուրը։
Իտալիայում Հայաստանի դեսպանությունն իր խորին շնորհակալությունն է հայտնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ տեղում ողջ կազմակերպչական աշխատանքը ստանձնելու, գաղափարն իրականություն դարձնելու եւ այն սոցիալական կարեւոր ծրագրի վերածելու համար, քանդակագործներ Վիգեն Ավետիսին եւ Մասսիմո Լիպպիին՝ փառատոնի գեղարվեստական ղեկավարումը ստանձնելու համար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին՝ նախագծին աջակցելու համար, ողջ աշխարհից ժամանած բոլոր քանդակագործներին՝ 20 օր անընդմեջ քանդակելու, ստեղծագործելու պատրաստակամության համար, ինչպես նաեւ սպիտակ մարմարի արդյունահանման եւ մշակման կենտրոն հանդիսացող իտալական Կարարա քաղաքին՝ մարմարները նվիրաբերելու համար:
ՀԱՅՏՆԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԸ
Հայաստանի ծանրամարտի Մ20 եւ Մ23 հավաքականներն ընդլայնված կազմով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Ռումինիայում կայանալիք առաջնության թիմերի կազմում են (Մ20) Սեյրան Խուդինյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը, Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Ֆելիքս Գեւորգյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ):
Մինչեւ 20 տարեկան աղջիկներ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (59 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Ալինա Սուքիասյան (71 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան (81 կգ), Մարգարիտա Առաքելյան (87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ)։
Մ23 տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Գեւորգ Ղահրամանյան (89 կգ) Պետրոս Պետրոսյան, Յաշա Մինասյանը (109 կգ):
Մ23 կանայք՝ Լիանա Գյուրջյան (87 կգ), Լուիզա Սահրադյան, Մերի Թումասյան (+87 կգ)։
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը։
ԿԱՐԵՎՈՐ ՓՈՒԼ՝ ՄՐՑԱՇԱՐԻՑ ԱՌԱՋ
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համար Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարի անցկացումը նախապատրաստական կարեւոր փուլ է 2025 թվականի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ:
«Առաջին անգամն է, որ Եվրոպայի առաջնության ենթախմբային առաջնություն ենք անցկացնում: Բարձր մակարդակի մրցաշար է, եւ մասնակից թիմերն էլ են բարձր որակավորման թիմեր: Ֆեդերացիան շատ է կարեւորում նմանատիպ մրցաշարի անցկացումը, քանի որ 2025 թվականին ունենք անցկացնելու բուն Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցեն 16 երկիրներ: Այս առաջնությամբ նախապատրաստվում ենք Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը»,- ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Վերջինիս խոսքով` ենթախմբային մրցաշարը հայ վոլեյբոլիստների համար մեծ փորձ կլինի, եւ դրան մասնակցելն արդեն իսկ ձեռքբերումների շարքին է դասվում:
«Մրցաշարի անցկացումը պատանիների եւ երիտասարդների համար նոր խթան կլինի այս մարզաձեւով զբաղվելու համար: 2020 թվականից մինչ օրս մարզաձեւով զբաղվողների թիվը կրկնապատկվել է»,-ասաց նա:
Երեւանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնական-մարզական համալիրում հուլիսի 21-23-ը ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշարը: Մրցաշարի մուտքն ազատ է:
Հայաստանի հավաքականը խաղերի օրերն են` հուլիսի 21՝ Հայաստան-Պորտուգալիա, հուլիսի 22՝ Հայաստան-Դանիա, հուլիսի 23՝ Հայաստան-Ֆրանսիա: Բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 17:30-ին:
ՊՍԺ-Ն՝ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կմեկնի Ճապոնիա եւ կանցկացնի երեք ընկերական հանդիպում։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հուլիսի 25-ին կմրցի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի», հուլիսի 28-ին՝ ճապոնական «Սերեսո Օսակայի», օգոստոսի 1-ին՝ Միլանի «Ինտերի» հետ։
Փարիզյան ակումբը մրցաշրջագայությունից կստանա 20 միլիոն եվրո եկամուտ. հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։
Անցած տարի Ճապոնիայում անցկացրած մրցաշրջագայությունից ՊՍԺ-ն ստացել էր 12 միլիոն եվրո։ Վերադարձին ՊՍԺ-ն կարող է նաեւ մեկ հանդիպում անցկացնել Հարավային Կորեայում՝ ապահովելով ավելի մեծ եկամուտ։
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ ԸՍՏ ՌՈՆԱԼԴՈՒԻ
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի առաջնությունը խաղամակարդակով զիջում է Սաուդյան Արաբիայի առաջնությանը։ «Սաուդյան լիգան ավելի լավն է, քան ՄԼՍ-ը։ Ես 100 տոկոս վստահ եմ, որ չեմ վերադառնա որեւէ եվրոպական ակումբ։ Ես բացեցի ճանապարհը Սաուդյան Արաբիայի լիգա, հիմա շատ խաղացողներ գալիս են այստեղ։ Մեկ տարի հետո Սաուդյան Արաբիայի լիգան հետ կթողնի Թուրքիայի եւ Նիդերլանդների լիգաները»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է alarabiya-ն։ Ռոնալդուն «Ալ Նասրին» միացել է այս տարվա հունվարին, 16 խաղում խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
ԱԴԱՄՅԱՆԸ՝ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլն օգնել է գերմանական «Քյոլնին» հաղթել ընկերական խաղում։ Բունդեսլիգան ներկայացնող թիմը 45-րոպեանոց խաղում մրցել է լեհական «Գուռնիկ Զաբժեի» հետ ու հաղթել 3-1 հաշվով։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը 11-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը «Քյոլնում» է 2022 թվականի հուլիսից եւ 32 պաշտոնական խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermartk-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո:
ՄԵՍԻԻ ԴԻՏՎԱԾ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի շնորհանդեսն ամերիկյան «Ինտեր Մայամիում» ամբողջ աշխարհում հավաքել է 3,5 միլիարդ դիտում բոլոր հնարավոր մեդիա-հարթակներում. հաղորդում է SNS-ը։
Մեսիի շնորհանդեսն այս ցուցանիշով գերազանցել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրում»՝ 3 միլիարդ դիտում ամբողջ աշխարհում։ Ռոնալդուն «Ալ Նասրին» միացել է այս տարվա հունվարին, 16 խաղում խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Լիոնել Մեսին նորամուտն ամերիկյան թիմում կարող է նշել այս ուրբաթ՝ հուլիսի 21-ին։ Այդ օրը «Ինտեր Մայամին» Լիգաների գավաթի խաղարկության խաղում կմրցի մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ։