«ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում»: Այս հոդվածը տարիներ շարունակ գործել է եւ կիրառվել, ու թեեւ մասնավորեցված չէ, թե որ պատգամավորները կարող են օգտվել այս դրույթից, ավանդաբար այս հոդվածով ընձեռնված հնարավորությունից օգտվել են պատգամավորներ, որոնք մարզերից են ընտրվել՝ մեծամասնական ընտրակարգով: Այսինքն՝ նախկինում, երբ գործում էր նաեւ ընտրության մեծամասնական ձեւաչափը, երբ ընտրողները իրենց համայնքներում ու մարզերում էին պատգամավորներ ընտրում, պատգամավորները ստիպված էին լինում մարզերից գալ Երեւան ու վարձով բնակվել մայրաքաղաքում, դրա համար էլ պատգամավորների երաշխիքների մասին օրենքում նշված է եղել, որ պետք է նրանց ապահովել բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության պատգամավորները որոշել են օգտվել օրենքի վերը նշված հոդվածից, եւ ով տուն չունի, պետության հաշվին վարձավճարի փոխհատուցում է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից պահանջել է տրամադրել, թե 2021, 2022, 2023 թվականներին որ պատգամավորներն են վարձավճարի փոխհատուցում ստացել: Օրինակ՝ ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը 2021 թվականին, երբ ԱԺ պատգամավոր է ընտրվել, պատգամավորի աշխատավարձին, ներկայացուցչական ծախսի համար նախատեսված գումարին եւ պարգեւավճարներին զուգահեռ, նաեւ ամսական 100 հազար դրամ գումար է ստացել՝ որպես բնակարանի վարձավճար:
Ըստ կենսագրության՝ Արփինե Դավոյանը 2009-ից աշխատել է Երեւանի դպրոցներից մեկում՝ որպես հոգեբան, այսինքն՝ երկար տարիներ բնակվել է Երեւանում, տուն չի ունեցել: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թվականին ու սկսել է պետության հաշվին վարձավճար ստանալ: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ պետբյուջեն մսխողներ կամ պետբյուջեի հաշվին սեփական բարեկեցությունը կառուցողներ: Հիմա, թերեւս, իր կողքին հենց այդպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն:
Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ի ընտրացուցակի 3-րդ համարը՝ առաջին կինը, մայրաքաղաք Երեւանի քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտակական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն է: Թեեւ նա ի պաշտոնե պետք է քաղաքաշինական ճգնաժամի մասին հոգ տանի, բայց մայրաքաղաքը ճկում է քաղաքաշինական բեռի տակ. առանց բացառության բոլոր համայնքներում շինարարություն է ընթանում՝ հաճախ իրավական նորմերին չհամապատասխանող, բայց Վարդանյանը Երեւանի փողոցների անվանափոխության հարցում է առավել ակտիվ: Հիմա էլ զբաղված է երեւանցի արվեստագետների հետ քաղաքային իշխանության հարաբերությունների ջերմացմամբ: Իսկ քաղաքաշինությունը նրան հետաքրքրում է՝ զուտ ազգակցական կապերով պայմանավորված, քանի որ նրա հորեղբայրը՝ ճարտարապետ Լեւոն Վարդանյանը՝ հայտնի մականունով, չի կտրվում Երեւանի քաղաքաշինության ոլորտից: Լեւոն Վարդանյանը Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կադրերից է, որը նաեւ Արթուր Մեսչյանի ժամանակ էր շարունակում «գերիշխող» դիրք ունենալ քաղաքային այդ ոլորտում: Այսինքն՝ քաղաքաշինական ոլորտում շարունակում են թելադրող մնալ նախկին կադրերն ու բարքերը: Դե իսկ Նուարդ Վարդանյանի ամուսինն էլ նորահայտ բիզնեսմեն է. Ստեփան Մարգարյանը ՀՀ կառավարության՝ արտադրական կանեփի թույլատրման որոշումից անմիջապես հետո հիմնադրված «Գրոուար» ընկերության բաժնետոմսերի 45 տոկոսի բաժնետերն է: Այսինքն՝ ՔՊ ավագանու ընտրացուցակի 3-րդ համարը ե՛ւ նախկին է, ե՛ւ նոր հարստացած ներկա: Ի դեպ, Նուարդ Վարդանյանի քույրը ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն է, որը պետբյուջեի հաշվին ամենաշատը գործուղման մեկնած պատգամավորներից է: Իսկ Նուարդի հայրը Ժոկոն է՝ Գեւորգ Վարդանյանը. 1993-ին եղել է ՀՀ պետնախարար, 1995-1998թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ՝ բնապահպանության նախարար: Նուարդ Վարդանյանը հայտնի դարձավ հանրությանը իր ագրեսիվ մի արտահայտությամբ, երբ հայտարարեց. «Ես՝ որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Ահա «ականջ ծամելու» պատրաստակամություն հայտնածը ՔՊ-ի 3-րդ համարն է: Հերթով կանդրադառնանք թեկնածուներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։ Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը հայտնվել է բարդ իրավիճակում: Դատավորները քննարկում են այն իրավիճակը, որ չկա որեւէ ընթացակարգ, որը հիմք ընդունելով՝ դատարանը թույլ տա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից հանել եւ տանել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու: «Ավելին` դատական համակարգում առաջ են քաշել այն հարցը, որ սովորաբար կալանավորին թույլ են տալիս դուրս գալ բանտից, երբ հարազատ մարդ է մահանում, կամ որեւէ քրեական գործով կալանավորին կանչում են հարցաքննության, քրեական վարույթով հույժ կարեւոր ցուցմունք տալու»։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ Դավիթ Տոնոյանը միջնորդել է թույլ տալ իրեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, որի մասով չկա որեւէ ընթացակարգ, ուստի դատական համակարգը չգիտի, թե ինչպես այս հարցին մոտենալ: Եւ, ահա, հրահանգով որոշվել է Տոնոյանին թույլատրել ներկայանալ խորհրդարան:
Պ ետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նման որոշում կընդունվի կառավարության վաղվա նիստում։ Նախագիծը ընդգրկված է չզեկուցողների շարքում եւ նաեւ գաղտնի կետ է պարունակում։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի կետ ունեցող հարցով բյուջեից գումար է տրամադրվում։ Իսկ ինչո՞ւ է գաղտնի. այն պարզ պատճառով, որ մոտ 1.5 մլն դոլար Նիկոլ Փաշինյանը հատկացնում է ինչ-որ շենքային պայմանների բարելավման համար: Սա՝ այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերում անգամ կենսական ջրի ու կենցաղային խնդիրներ կան, դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որ տարիներով չեն նորոգվում։