ԴԵՄ Է ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԵԹԵՐԱԶՐԿՈՒՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է իր դիրքորոշումը հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի քանի տեսալսողական ծրագրերի անջատումների վերաբերյալ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՌՀ տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը  (ՀՀՌՑ) ս.թ. հուլիսի 17-ին կարճ ժամանակով դադարեցրեց հանրային մուլտիպլեքսում գործող մի քանի տեսալսողական ծրագրերի հեռարձակումը՝ պայմանավորված ՀՀՌՑ-ի մատուցված ծառայությունների նկատմամբ  հեռարձակողների կուտակած ֆինանսական պարտավորությունների ոչ պատշաճ կատարմամբ։ Ըստ նախարարության՝ այդպիսի գործողությունները կրելու են  պարբերական բնույթ, մինչեւ հեռարձակողները մարեն կուտակած պարտքերը՝ կողմերի միջեւ սահմանված պայմանավորվածությանը համապատասխան։

«Հուլիսի 18-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած բոլոր մասնավոր հեռարձակողները հանդես եկան հայտարարությամբ, որում հայտնեցին իրենց անհամաձայնությունը նախարարության տվյալ որոշման հետ:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՌՀ-ն հարկ է համարում ներկայացնել հանրությանը կարգավորող մարմնի դիրքորոշումը:

Նախորդ շաբաթ կարգավորող մարմինը նախարարությանը ներկայացրել էր իր բացասական վերաբերմունքը ՀՀՌՑ-ի վերը նշված գործողությունների կապակցությամբ, սակայն անջատումների դեմ ուղղված՝ հանձնաժողովի փաստարկները, ցավոք, ուշադրության չեն արժանացել: Այստեղ  հրավիրում ենք  բոլորի ուշադրությունը առ այն, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը  «մասնակցում է տեսալսողական մեդիայի ոլորտի քաղաքականության մշակմանը», ուստի ՀՌՀ-ի դիրքորոշումները այս ոլորտում որոշումեր ընդունելիս  մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում:

Հարկ չհամարելով մանրամասնել  ՀՌՀ-ի կողմից բերված փաստարկները (որոնց մի մասը ներկայացված է հեռարձակողների հայտարարության մեջ)՝ հանձնաժողովը  հայտնում է իր մտահոգությունը տեսալսողական ծրագրերի հեռարձակման իրականացված եւ նախատեսվող դադարեցումների վերաբերյալ:

Հանրային մուլտիպլեքսը ՀՀ միակ տեղեկատվական հարթակն է, որի գործարկման միջոցով պետությունը երաշխավորում է քաղաքացիների իրավունքը անվճար ստանալ բազմակողմանի տեղեկատվություն, եւ հեռարձակվող տեսալսողական ծրագրերի նույնիսկ կարճաժամկետ եթերազրկումը սահմանափակում է քաղաքացիների այդ իրավունքը:

Պարբերաբար իրականացվող եթերազրկումները կարող են բերել հեռարձակողների ֆինանսական պարտքերի ավելացմանը, ոչ թե նվազեցմանը։  Հետեւանքն էլ կլինի այն, որ հեռարձակողները ընդհանրապես չեն կարողանա վճարել ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց։ Վերջին մեկ տարվա ընթացքում հեռարձակողները զգալիորեն մարել են տարիներով կուտակված ֆինանսական պարտքերը, ինչն արդեն խոսուն ապացույցն է այն հանգամանքի, որ հեռարձակողները չեն հրաժարվել եւ չեն հրաժարվում կուտակված պարտքերը մարելուց, սակայն կոշտ մոտեցումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների թե՛ հեռարձակողների եւ թե՛ հանրային մուլտիպլեքսի գործունեության համար։

ՀՌՀ-ն կարեւորում է մեդիաոլորտի բոլոր մասնակիցների ֆինանսական կարգապահությունը  եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարգավորող դերը պայմանագրային պարտավորությունների վերահսկման գործում: Սակայն պակաս կարեւոր չէ ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովումը, որի կարեւոր բաղադրիչներից է հանրային մուլտիպլեքսի բնականոն եւ անխափան գործունեությունը։ Հետեւաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում եւ համակարգային լուծում։

Ուստի, ՀՌՀ-ն համաձայն է լիցենզավորված հեռարձակողների առաջարկի հետ՝  առժամանակ չկիրառել այդպիսի կոշտ մոտեցում հեռարձակողների նկատմամբ եւ հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները: Հանձնաժողովը նաեւ առաջարկում է Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌՀ-ի եւ հեռարձակողների  մասնակցությամբ սկսել քննարկումներ եւ իրականացնել աշխատանքներ՝ մշակելու հանրային մուլտիպլեքսի գործունեության եւ զարգացման հայեցակարգ, ինչպես նաեւ հանրային մուլտիպլեքսում ընդգրկված տեսալսողական ծրագրերի բովանդակության որակի բարձրացմանը միտված որոշումներ՝  ի նպաստ պետության եւ քաղաքացիների:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ՌԴ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2023 թվականի հուլիսի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաք են գործուղվել ԱԺ պատգամավորներ: Պատվիրակության կազմում են պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Մանուկյանը:

 

 

 

ԿՄԵԿՆԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-5-ը Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանը կգործուղվի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի Կանաչ հանրային կառավարման աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաեւ Հանուն ժողովրդավարության համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը  եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, ում, սակայն, թույլ չեն տվել օդանավ բարձրանալ, որովհետեւ ՍԷԿՏ-ը փակ է. երկրից դուրս գալու իրավունք չունի:

Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի եւ մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել է աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։

 

 

 

ԿԴԻՄԵՆ ՄԻԵԴ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նա այդ մասին հայտարարեց  հուլիսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Փաստաբանը վստահեցրեց, որ իրենք դիմելու են իրավաբանական պայքարի բոլոր մեթոդներին. եթե գործը գնա դատարան, ապա կօգտագործեն նաեւ այդ ամբիոնը։

Խոսելով Աշոտյանի պահման պայմանների մասին` Աթանեսյանը հայտնեց, որ նա պահվում է սովորական խցում. «Արմենի տրամադրությունը մարտական է, որեւէ ընկճում չկա: Հիմա կյանքի այդ հանգրվանն է, քաղաքական գործչի համար դժվար փուլ է Հայաստանում, որը պետք է անցնի պատվով, եւ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի»:

Անդրադառնալով իրավապաշտպան կառույցների արձագանքներին՝ փաստաբանն ասաց. «Հայաստանում իրավապաշտպան չկա, բացի Ավետիք Իշխանյանից: Բոլոր իրավապաշտպաններին, որոնց տեսնում էինք մինչեւ, այսպես կոչված, հեղափոխությունը, ընդամենը սորոսական էին, ընդամենը ֆինանսավորվում էին. դա բիզնես էր: Տեսեք, թե ինչ հսկայական գրանտներ են ստացել, ինչեր էին խոսում: Ո՞ւր են, չկան, որովհետեւ այդ ուղղությամբ գրանտներ չեն տալիս: Մենք շատ տխուր ու թերզարգացած հասարակություն ենք: Իսկ միջազգային կառույցների մասին սխալ տպավորություն է, որ նրանք գալիս են Հայաստանը ծաղկեցնելու, շենացնելու, օգնելու: Այդ բոլոր կառույցները եւ պետությունները թքած ունեն Հայաստանի վրա: Հայաստանն իրենց համար մի պետություն է, որ ռուսական ազդեցության տակ է, պետք է այդտեղից հանել: Թե արանքում 5 հազար մարդ կսպանեն, թե 100 հազար, իրենք բացարձակ թքած ունեն: Մյուս կողմից՝ ո՞վ կարող է հարգել մի ազգի, որն ընտրում է Նիկոլին»,- ասաց Աթանեսյանը:

Նշենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է հունիսի 16-ին։ Նա եւ Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու համար: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

 




Լրահոս