«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է շուրջ 168 մլրդ դրամ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 19-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ: Ըստ Անահիտ Ավանեսյանի` 18 մլրդ դրամ է նախատեսվել Առողջության ապահովագրության համապարփակ համակարգի ներդրման համար, որը կսկսի գործել 2024 թվականի հուլիսի 1-ից: Առաջին փուլի շահառուներ են 1-ին, 2-րդ եւ սահմանափակումներով 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները:
Նախարարի հավաստմամբ՝ ներկա դրությամբ մշակվում են ենթաօրենսդրական ակտեր, այլ նախագծեր: Մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի ամբողջական փաթեթը:
Նշվել է, որ 2023 թվականի ավարտին պատրաստ կլինեն 20 ամբուլատորիաների, պոլիկլինիկաների վերանորոգման եւ Վեդիի, Վարդենիսի ու Արթիկի ԲԿ-ների նախագծերը, որոնց շինարարությունը կսկսվի գալիք տարի: Այս տարի շահագործման կհանձնվեն Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի եւ Վայոց ձորի բժշկական կենտրոնները:
«Մեր ընդհանուր քաղաքականությունը շինարարության գծով որակական չափանիշներն են, կկառուցվեն եւ շահագործման կհանձնվեն ժամանակակից բուժհաստատություններ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
2024 թվականին նախարարությունը կիրականացնի «Հանրային առողջության պահպանում», «Առողջության առաջնային պահպանում», «Մոր եւ մանկան առողջության պահպանում», «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում», «Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» եւ մի շարք այլ բյուջետային ծրագրեր:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ուշադրություն է հրավիրել մի շարք հարցերի, որոնք շտկման կարիք ունեն: Նա ընդգծել է արդյունքային ցուցանիշների հստակեցման անհրաժեշտությունը:
Աշխատանքային քննարկմանը հանգամանալի անդրադարձ է եղել նաեւ բնագավառի այլ ծրագրերին եւ առկա խնդիրներին:
Աշխատանքային քննարկումը նախագահել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտների մասնագետներ:
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի բնակիչները: Բնակիչների խոսքով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ Աբովյան 22 ա հասցեի շենքի բակում վխտում են թրթուրներ, ճիճուներ, որոնք թափվում են բակի ծառերից: Մեզ հետ զրույցում բնակիչները դժգոհեցին, որ ոչ մի սանիտարահիգիենիկ նորմ չի պահպանվում, ծառերը համապատասխան նյութերով չեն լվացվում, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
«Այն աստիճան է հասել, որ թրթուրներն արդեն պատուհաններից, դռներից ներս են լցվում: Բակում ունենք երեխաների համար զարգացման կենտրոն, եւ վերջիններիս ծնողներն անհանգստացած են, քանի որ դռներից թրթուրները ներս են լցվում, եւ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված են լինում մաքրել, որպեսզի երեխաները ականատես չլինեն այդ պատկերին»,- նշեցին բնակիչները: Այսպիսով, եւս մեկ անգամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին հորդորում ենք, որպեսզի ուշադրություն դարձնի իր ղեկավարության տակ գտնվող Կենտրոն համայնքի խնդիրներին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2022 թվականի հայտարարագրում հայտարարագրել է բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում՝ Արաբկիր վարչական շրջանում, որը 2001 թվականին ժառանգություն է ստացել. ումից՝ Վարդանյանը չի նշել:
Հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 53 մլն 974 հազար դրամ, որը «ԱՐՍԱԼԵԴԱ» ՍՊԸ-ի կողմից է: Այսինքն՝ Վարդանյանը ձեռք է բերել հիպոտեկով բնակարան «ԱՐՍԱԼԵԴԱ» ՍՊԸ-ի կողմից Արաբկիր վարչական շրջանում կառուցվող բնակելի շինությունից:
Նշենք նաեւ, որ «ԱՐՍԱԼԵԴԱ» ՍՊԸ-ն կառուցապատման իրավունք ստացել է Երեւանի քաղաքապետի՝ 2022 թվականի ապրիլի 25-ի համար 1533-Ա որոշմամբ: Առաջին անգամ չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս ընկերության կողմից կառուցվող շենքերում տուն են ձեռք բերում: Նրանցից մեկն է դատախազ Արսեն Արսենյանը:
Վարդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 68 հազար դրամ եւ 2 հազար 201 եվրո, կանխիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ, 390 եվրո եւ 300 դոլար:
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 59 մլն 785 հազր դրամ, որից 9 մլն 454 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից:
Վլադիմիր Վարդանյանը հանդիսանում է ««Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն» հիմնադրամի եւ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ «ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՓՈՂՈՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՐԵՐՈՒՄ
Իջեւանի Բլբուլյան փողոցի բնակիչ, դասախոս, լրագրող, գրող Զավեն Ալավերդյանը դժգոհում է իրենց փողոցում տիրող իրավիճակից։ Նրա խոսքերով՝ իջեւանցի որոշ անասնատերերի թվում է, որ Բլբուլյան փողոցը սարերի արոտովայր է, այդ փողոցում գիշեր-ցերեկ անարգել գտնվում են խոշոր եղջերավոր անասունների նախիրներ, ձիերի երամակներ։ Այժմ դպրոցականների ամառային արձակուրդների շրջանն է, երեխաները խաղում են շենքերի բակերում, խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի կողմից երեխաների պոզահարման ու սմբակահարման վտանգն իրական է։ Զ. Ալավերդյանը Իջեւանի համայնքապետարանից, պետական համապատասխան կառույցներից ակնկալում է, որ նրանք կզգուշացնեն անպարտաճանաչ անասնատերերին, որ նրանք անասունները հեռու պահեն քաղաքի բնակելի հատվածից, իսկ եթե այդ զգուշացումը արդյունք չտա, պետք է ձեռնարկել ավելի խիստ ու գործուն միջոցներ։
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
2023թ. հուլիսի 18-ին գրավոր կերպով Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Գագիկ Մատինյանը՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ իր միջեւ 2009թ. հուլիսի 27-ին կնքված, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 129/7 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մասին պայմանագիրը։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, հիմք ընդունելով այդ դիմումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ եւ 468-րդ հոդվածների պահանջներով եւ հիմք ընդունելով 2009թ. հուլիսի 27-ին կնքված պայմանագրի 9.1 կետը, որոշել է սահմանված կարգով լուծել նշված պայմանագիրը։
ԳՐՔԻ 5-ՐԴ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հուլիսի 17-ին Բերդում կայացել է Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի բաց քննարկում-շնորհանդեսը, որին ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը, 44-օրյա պատերազմի ընթացքում հանուն հայրենիքի նահատակված զինծառայողների հարազատները։ Գրքի վերաբերյալ վերլուծական զեկույցներով հանդես են եկել Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, բանաստեղծ Ալբերտ Պապյանը, Բերդի ավագ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Լուսինե Թումանյանը, «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության եւ կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը: Գրքի մասին իր խոհերն է ներկայացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին գիրքը հեղինակելու եւ հայրենանվեր գործունեության համար։ Սա «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի 5-րդ շնորհանդեսն էր. նախկինում նման շնորհանդեսներ կայացել էին Հայաստանի գրողների միությունում, Իջեւանում, Նոյեմբերյանում եւ Գյումրիում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ