ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 21-րդ նիստը։

 

Ողջունելով խորհրդի անդամներին՝ փոխվարչապետը նշել է, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության եւ շարունակական աճի համար բարենպաստ ինստիտուցիոնալ միջավայրի ձեւավորումը  Կառավարության առաջնահերթություններից է։ Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում  գործարար միջավայրն իրավակարգավորող շրջանակը շարունակաբար կլավարկվի՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով փոքր եւ միջին ձեռնարկությունների կայուն զարգացման համար։ Ամփոփելով նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման արդյունքները՝ խորհրդի անդամները անդրադարձ են կատարել բարենպաստ գործարար միջավայրի ապահովման տեսանկյունից մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում՝ գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձ չհաշվարկելու կամ չվճարելու դեպքում սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությանը, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հիմնավորվածությանը, ինչպես նաեւ արտահանման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին։ Շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին առարկայական եւ արդյունավետ քննարկման համար՝ փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձեւավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ թույլ տալով արդյունավետ կերպով հասցեագրել փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները։

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՉԷԻՆ ՍԽԱԼՎՈՒՄ

Հաշվի առնելով բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները եւ բողոքները վերջին շրջանում խմելու ջրի որակի առնչությամբ՝ օրերս հարցում էի ուղղել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Խնդրել էի պարզաբանել, թե արդյոք տեսչական մարմինը ուսումնասիրել է խնդիրը, եւ իրականացվել է նմուշառում ջրի որակը պարզելու նպատակով։ Ստացել եմ պատասխան, որի համաձայն՝

2023 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման եւ պետական շահագրգիռ մարմիններին հասցեագրվել է կանխարգելիչ բնույթի 194 գրություն։

Հարուցվել է 112 վարչական վարույթ, որից 106-ը հարուցվել է տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 6-ը՝ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա։

Տրվել է շուրջ 24 կարգադրագիր շահագործող կազմակերպությունների պատասխանատուներին արձանագրված խախտումները վերացնելու համար։ Պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տույժի։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ ինչպես մեր, այնպես էլ քաղաքացիների կասկածները՝ ջրի որակի փոփոխության վերաբերյալ, զուր չէին։ Հարուցված 112 վարչական վարույթները արդեն իսկ մտահոգությունների տեղիք են տալիս։

Անհրաժեշտություն եմ համարում նաեւ վարչարարության խստացումը, առավել խիստ պատժի կիրառումը, քանի որ գործ ունենք բնակչության առողջության հետ։

Պատկան մարմինները ահռելի պատասխանատվություն են կրում այս հարցում։ Կարեւորելով հանրային առողջությունը եւ անվտանգությունը՝ հետամուտ եմ լինելու խնդրին եւ դրա լուծմանը»։

 

 




Լրահոս