ԻՆՉՈ՞Ւ Է ՔԱՂԱՔՆ ԱՂԲԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Մարությանի հիմնած «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկը, կարծես թե, նույն սաբոտաժն է անում քաղաքային իշխանության հանդեպ, ինչպես «Սանիթեքը»՝ Մարությանի: Համենայնդեպս, մայրաքաղաքը աղբի մեջ ողողված է, եւ քաղաքային իշխանությունները փնտրում են մեղավորների:

 

Իսկ հիմա սկզբից. երբ 2018-ի սեպտեմբերին Հայկ Մարությանը նշանակվեց քաղաքապետ, Երեւանում աղբահանությունը ծայրահեղ վատթարացավ: Քաղաքն աղբի մեջ կորած էր ճիշտ այնպես, ինչպես այսօր: Մարությանը սկսեց «Սանիթեքից» ազատվելու պրոցես: «Ես թույլ չեմ տա, որ Երեւանն այլեւս առնչվի նման խնդրի։ Ես այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբեւէ այս խնդիրը երեւանցիների հետ առնչություն չունենա»,- հպարտ հայտարարում էր Մարությանը։

Ապա խզեց «Սանիթեք» ընկերության հետ ունեցած պայմանագիրը, եւ ընկերությունը տուգանվեց յուրաքանչյուր չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված կամ թերի մատուցված ծառայության համար 12 մլն դրամի չափով: Իսկ «Սանիթեք» ՍՊԸ-ն հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ: Ընկերությունը պնդում էր, որ Երեւանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 մլն դրամ: Ապա «Սանիթեք» ՍՊԸ-ն սկսեց միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց: Այն ժամանակ երբ դեռ պայմանագիրը ուժի մեջ էր, «Սանիթեք» ընկերությունը նախազգուշացրեց, որ մայրաքաղաքի աղբահանության վիճակն ավելի է վատանալու, եւ սկսեց առահասարակ չկատարել պայմանագրային պարտավորությունները՝ քաղաքը թողնելով աղբի մեջ: Ի վերջո, «Սանիթեք»-ի հետ պայմանագրի խզումից հետո Մարությանը հիմնեց «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկը, որի ղեկավար նշանակեց իր մտերիմ ընկերոջը՝ Արմեն Գրիգորյանին: Նոր հիմնարկի համար բերվեցին բոլորովին նոր մեքենաներ, որոնց մեծ մասը՝ ատկատներով, «Կամազներ»՝ շինթույլտվության դիմաց, եւ այդպես պարկը համալրվեց տեխնիկաներով, որով աղբահանության խնդիրները համարեցին վերջնականապես լուծված: Սակայն հիմա՝ դեռ 4 տարի էլ չանցած, Հայկ Մարությանի ստեղծած հիմնարկը փաստացի չի աշխատում: «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկը, որի ղեկավարը այժմ Բագրատ Աղաջանյանն է, փորձում է քաղաքային իշխանությունների համար պրոբլեմներ սարքել: Ի դեպ, աղբահանության հիմնարկի նախկին տնօրեն Գրիգորյան Արմենի ձերբակալվելու հիմքերից մեկն էր հանդիսացել այն, որ նա սանմաքրման բաժնում ապօրինի կերպով գրանցել էր 4 աշխատակիցների, որոնք երբեւէ աշխատանքի չէին հաճախել, բայց ստացել էին մոտ 17.000.000 ՀՀ դրամ, եւ Բագրատ Եսայանը այդ ժամանակ հանդիսանում էր աշխատանքի չհաճախող աշխատակիցների անմիջական ղեկավարը, ով նախկինում հափշտակության համար դատապարտված է եղել։

Երեւանի անմխիթար վիճակի մասին հնչող հարցերին թե՛ քաղաքային իշխանությունները, եւ թե՛ «Երեւանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում» հիմնարկը պատասխանում են, որ խնդիրը տեխնիկական է. մեքենաները չեն գործում:

«Այս պահին մասնակի խնդիրներ ունենք տեխնիկայի առումով, մատոռներ կան փչացած, որոնց փորձում ենք հնարավորինս արագ լուծում տալ, իսկ թե քանի մեքենա են անսարք, չեմ կարող ասել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց հիմնակի աշխատակիցներից մեկը: Նկատենք, որ սա՝ այն դեպքում, երբ միայն բեռնատար մեքենաների սպասարկման համար մեկ տարում ծախսվել է մոտ 1մլրդ դրամ («Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է գնումների կայքը, որտեղ նշված է, որ ամեն եռամսյակը մեկ, իսկ որոշ դեպքերում երկու անգամ հատկացվել են 128-միլիոնական դրամներ): Բայց, չնայած ծախսված մոտ 2.5 մլն դոլարին, հիմա ունենք մի ամբողջ հիմնարկ՝ իր խոտանված մեքենաներով: Այս ամենին զուգահեռ, բազմաթիվ աշխատակիցներ ահազանգում են, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանի մեղմ ասած վատ վերաբերմունքի պատճառով (ծեծ, հայհոյանքներ, ստիպողաբար ավելի աշխատացնել եւ չվճարել եւ այլն) ազատման դիմումներ են գրում։ Նույնիսկ կան աշխատակիցներ, որոնք ցանկանում են ազատման դիմումներ գրել, սակայն վախենալով, որ իրենց ծեծի կենթարկեն` ուղղակի աշխատանքի չեն հաճախում։

Փորձեցինք զրուցել Բագրատ Աղաջանյանի հետ, սակայն նա զբաղված էր, խոստացավ զանգահարել, բայց այդպես էլ չզանգեց մեզ: Չկարողացանք պարզել, թե այս բոլոր վարկածներից որն է իրականությանը առավել մոտ: Բայց պարզ է, որ այս ամենի արդյունքում կրկին տուժում են Երեւանն ու երեւանցին: Եւ ստացվում է, որ Երեւանի տարբեր իշխանությունների օրոք Երեւանում աղբահանության հարցը պատշաճ կազմակերպել չի հաջողվում: Անընդհատ խոսվում է տարբեր մեծ ծրագրերի, մետրոյի նոր կայարաններ, ճոպանուղի եւ նավահանգիստներ կառուցելու մասին, բայց Նիկոլ Փաշինյանի թիմին, 5 տարուց ավելի է, չի հաջողվում լուծել տարրական կենցաղային աղբի խնդիրը: 30 աստիճան շոգին երեւանցին գարշահոտ է շնչում:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ

Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու հարցը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ հարաբերությունները կրում են ջերմ, համագործակցային բնույթ։ Դրանք ունեն նաեւ պատմական արմատներ, քանզի Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց հայոց ցեղասպանությունը։

2019 թվականի օգոստոսից Երեւանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից՝ դեսպանության մակարդակով)։

Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. իր բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու եւ գործունեություն ծավալելու նախահաշիվ, որը ապահովվել է: Ստացվում է, որ 2023 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված են Ուրուգվայում դեսպանություն բացելու համար անհրաժեշտ միջոցներ:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՄԱԿ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Երեկ  ադրբեջանական լրատվամիջոցները լուր էին տարածել, թե Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարը նամակ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին՝ պահանջելով դադարեցնել Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկանում է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։

«Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար պարոն Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որեւէ գրություն չի ստացել»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

ՆՍՏԱՑՈՒՅՑ ԿԱՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Ի աջակցութուն Արցախի» ակցիայի մասնակցիները վաղը կփոխեն իրենց ծրագիրը։ Մեր տեղեկություններով՝ նրանք որոշում են կայացրել այսօր երեկոյան անժամկետ նստացույց սկսել Մյասնիկյանի արձանի մոտ, վրաններ են տեղադրելու։ Հիշեցնենք, որ երեկ՝ վաղ առավոտից, նրանք շարունակել էին իրենց ակցիան ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ, ստորագրահավաք եւ նամակ հանձնել գրասենյակ։

 

 

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՐՋԱՆՈՒՄ Է

«Արցախում ճգնաժամը ժամ առ ժամ լրջանում է: Այս իրավիճակը հաղթահարելու համար հստակ գործողություններ պետք է ձեռնարկվեն»,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ նշել է.

«1) Մարդասիրական օդային միջանցքի գործարկումն առաջնային նշանակություն ունի: ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառույցների մարդասիրական առաքելությունները պետք է կարողանան ժամանել ուղիղ Ստեփանակերտ ու օգնություն տրամադրել:

2) Հնարավորինս շտապ Արցախ պետք է ուղարկվի ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառուցի (ԵԽԽՎ, ԵՄ) փաստահավաք առաքելություն: Տեղում իրավիճակի անմիջական դիտարկումը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել ճգնաժամի լրջության մասին:

3) Միջազգային միջնորդները՝ Վաշինգտոնից մինչեւ Փարիզ եւ Մոսկվա, պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ փոփոխությունների հասնելու համար: Եթե նրանք դա չանեն, նրանց միջնորդական ջանքերն ապարդյուն կլինեն։

4) Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը պետք է ՄԱԿ միջազգային պաշտոնական մանդատ  ստանա: ՄԱԿ-ը կարող է դիտարկել նաեւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընդլայնման տարբերակներ, օրինակ՝ չինական խաղաղապահ կոնտինգենտի ներգրավմամբ։

5) Չափազանց կարեւոր է հասկանալ, որ որքան էլ բարձրաձայնում են ճգնաժամի հումանիտար կողմի մասին, բայց առկա խնդիրներն ունեն քաղաքական եւ պատմական հիմքեր: Հայերի դեմ պետական մակարդակով ատելության քարոզը Ալիեւի ավտորիտար վարչակարգի կարեւոր հիմնասյուներից է: Այս փաստն անտեսել հնարավոր չէ:

6) Աշխարհահռչակ ու ազդեցիկ հայերն ու մեր ժողովրդի օտարազգի բարեկամներն իրենց ակտիվությամբ մեծ դեր կարող են խաղալ Արցախում ծավալվող ողբերգության մասին բարձրաձայնելու հարցում:

Ընկերնե՛ր, օգնե՛ք Արցախի հայերի ձայնը լսելի դարձնել:

Միայն միահամուռ ուժերով ու կողք կողքի կանգնելով՝ կարող ենք այս պատմական բարդ փուլը հաղթահարել:

Արցախը հայկական աշխարհի անբաժան մասն է, այս հողը մեր գենետիկ կոդի բաղկացուցիչն է, ուստի այս պայքարը բոլորինս է»։

 




Լրահոս