ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏԸ ԿԼԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի սկզբի հատվածում, գովազդային մեծ վահանակ է տեղադրվել: Վահանակը տգեղ ու անճաշակ դիզայն ունի եւ անգամ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն են սկսել զայրանալ հրապարակավ: Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը՝ Շուրը, հրապարակային կոշտ գրառում է արել՝ քննադատելով վահանակի դիզայնը՝ «աննկարագրելի ուռոդություն» անվանելով, որը խանգարում է քաղաքացիներին: Իհարկե, անգամ ՔՊ-ականների քննադատություններն են անիմաստ, քանի որ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, որը գովազդի ոլորտի պատասխանատուն է, շուկայում իր «մաֆիան» է ձեւավորել: Արմեն Հարությունյանը, լինելով ՀՀԿ կադրերից, ավելի կոնկրետ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մտերիմը, հիմա կարողացել է նոր շրջապատ ձեւավորել իր համար: Նա մտերմացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբոր, Երեւանի ավագանու անդամ Արմեն Հարությունյանի եւ վերջերս Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար նշանակված Գարեգին Խաչատրյանի հետ: Կարելի է ասել, որ մայրաքաղաք Երեւանի գովազդային վահանակների ոլորտը փաստացի ղեկավարվում է այս եռյակի կողմից, իսկ իրավական հարցերը համակարգում է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Սա է պատճառը, որ անգամ ՔՊ-ականների բողոքները դառնում են «ձայն բարբառո յանապատի»:

 

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա հունիսից փոխել է աշխատավայրը՝  տեղափոխվելով Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Բանն այն է, որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին էր կապիտալ վերանորոգվել այդ շենքը՝ ծախսվելով 124.5 մլն դրամ կամ մոտ 325 հազար ԱՄՆ դոլար։ Իհարկե, դրանից հետո էլ բազմաթիվ փոփոխություններ ու վերանորոգումներ է տեսել կառավարության այս մասնաշենքը. անցած տարեվերջին տեղադրվել է մոտ 16 մլն դրամանոց վերելակ, գնվել են թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ: Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգման համար: Եւ այսքանից հետո կրկին հայրենի իշխանությունները որոշել են վերանորոգման աշխատանքներ անել: Ինչպես երեւում է, Նիկոլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում շատ ապահով է զգում, եւ չի բացառվում՝ որոշի կրկին հաստատվել այդ մասնաշենքում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանին նրա անվտանգության աշխատակիցներն ասել են, որ կառավարության շենքի մոտ հաճախակի իրականացվող բողոքի ակցիաները շատ մոտ են լինում, եւ շենք մտնելն ավելի հեշտ է, ինչի համար էլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում ապահով է զգում: Բայց այդ իրավիճակում անհարմարություններ են առաջացել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մասով, քանի որ հենց նրա աշխատասենյակում է տեղավորվել է Նիկոլ Փաշինյանը. Խաչատուրյանը այլ աշխատասենյակ է գնացել: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմից փորձեց պարզել, թե երբ կավարտվի Կառավարության շենքում վարչապետի աշխատասենյակի վերանորոգումը, ու արդյոք նպատակ ունի Փաշինյանը մնալ Բաղրամյան 26-ում: «Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում ներկայումս ընթացող նորոգման աշխատանքների պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել են… Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո վարչապետը գործունեությունը կշարունակի Կառավարության շենքում»,-փոխանցեցին կառավարությունից։ Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ վերանորոգումը սկսվել է 2023 թվականի մայիսի 8-ին եւ ավարտին կհասցվի սեպտեմբերի 5-ին: Նիկոլ Փաշինյանը այն նույն Բաղրամյան 26-ում է, որը 2018-ի հեղափոխությունից հետո բացել էր իր դռները եւ հայտարարում էր, թե Բաղրամյանի այգում կարող են քաղաքացիները զբոսնել, իսկ հիմա ճաղավանդակները նորից զոդված են:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հակված է չմասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. որոշումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է: Ավելին՝ մեր հավաստի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները քննարկումների արդյունքում նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանը եւ Միքայել Մանրիկյանը կընդգրկվեն ԼՀԿ ցուցակում՝ 2-րդ եւ 4-րդ համարներով, եւ նրանց ցուցակով կմասնակցեն ավագանու ընտրություններին, սակայն ավելի ուշ ԲՀԿ-ականները հրաժարվել են անգամ այդ ֆորմատով մասնակցել ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ հենց Գագիկ Ծառուկյանն է իր թիմակիցներին հորդորել, որ չմասնակցեն ԼՀԿ-ի ցուցակով, ավելին՝ ասել է, որ օգնեն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին: Այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ քաղաքական թիմը շարունակում է քննարկումները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցով։ «Այս օրերին մենք հանդիպումներ ենք ունենում Երեւան քաղաքի տարածքային կառույցների, կուսակցական ակտիվի ներկայացուցիչների հետ, եւ երբ քննարկումներն ավարտվեն, ԲՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Ինձ համար այլեւս նորություն չէ, որ ժամանակ առ ժամանակ, ավելի ստույգ՝ պարբերաբար, տարատեսակ շրջանակների կողմից ԲՀԿ-ին կամ Գագիկ Ծառուկյանին շահարկող տարատեսակ ինֆորմացիաներ են շրջանառության մեջ դրվում, սակայն ավելի գրագետ եւ պրոֆեսիոնալ եմ համարում կոչ անել հավատալ բացառապես այն հայտարարություններին, որոնք պաշտոնական բնույթ են կրում։ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարություն  կարող է անել բացառապես պարոն Ծառուկյանը կամ նրա կողմից լիազորված քաղաքական թիմի անդամներից որեւէ մեկը, իսկ մինչ այդ կասկածելի աղբյուրներից ծնունդ առնող ինֆորմացիաներին հորդորում են արժանահավատորեն չվերաբերվել»,-ասաց նա:

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել եւ մեկ ավտոկայանատեղի։ ՔՊ-ական այս պատգամավորի գործերն էլ են լավ: Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։ Բացի այդ, նա Ավանում եւս մեկ բնակարան ունի, որը նա գնել էր դեռ 2017 թվականին, եւ Եղեգնաձոր քաղաքում ունի հողամաս։ Արդեն 2022 թվականի ապրիլի 25-ին նա գնել է 2021 թվականի արտադրության Wolkswagen մակնիշի ավտոմեքենա։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորն այդ ավտոմեքենան գնել է 17 մլն 860 հազար դրամով «Էլեկտրական մեքենաների էվոլուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից։ Բանկային հաշիվներին տարվա վերջում նա ունեցել է 1500 եվրո, 18 հազար դոլար եւ 1 մլն 300 հազար դրամից ավելի գումար։ Իսկ, ահա, նրա կանխիկ դրամը կազմել է 7 մլն 195 հազար դրամ, 253 հազար ռուբլի, 4 մլն 468 հազար դրամ, 7 400 դոլար, 8560 եվրո։ Մեկ տարվա ընթացքում նա 51 մլն դրամ է վաստակել, որից 7 մլն դրամը նրա աշխատավարձն է, 73 000 եվրոյի եւ 23 մլն դրամ եկամուտի աղբյուրները նշված չեն, իսկ 6 մլն դրամ էլ ստացել է գույքը օտարելուց։ Խոսքն ավտոկայանատեղիի մասին է, որը նա վաճառել է։  Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանը նախկինում Վայոց ձորի մարզպետն էր եւ ազատվել էր աշխատանքից մի աղմկահարույց պատմությունից հետո։ Մասնավորապես, Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպից հետո: Փոխգնդապետի հարազատները պնդում են, որ նա ներկա է եղել միջադեպին եւ չի դադարեցրել ծեծկռտուքը:




Լրահոս