Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանն այդպիսով անտեսում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ կապված ԼՂ անարգել մուտք ապահովելու հետ։
«Բացի այդ, Բաքվից անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են հնչում, թե խաղն ավարտված է»,–գրել է Կոստանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։