Պարզվում են 18 անձի վնասվածքներ ստանալու պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում են Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ 18 անձի վնասվածքներ ստանալու պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հուլիսի 26-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ, միմյանց են բախվել Երևան քաղաքի բնակչի վարած՝ Երևան-Վանաձոր ուղևորափոխադրում իրականացնող «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի և Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Գազ-53»-ի վարորդը և «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի 17 ուղևոր, որոնցից 3-ը՝ անչափահաս, ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարանի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթը:

Նախաքննության ըթնացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, ստուգվել են վարորդների սթափության աստիճանը, որոնք եղել են սթափ, նշանակվել են փորձաքննություններ։

Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։ Ներկա պահին բուժհաստատությունում շարունակում է գտնվել և ստացիոնար բժշկական օգնություն ստանալ 2 քաղաքացի։ Մյուսները դուրս են գրվել։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները կատարվում են դեպքի հանգամանքները, ավտովթարի առաջացման պատճառները պարզելու․ տրանսպորտային միջոցները վարողների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։




Լրահոս