Հայաստանը ներկա պահին իր տեխնոլոգիական ներդրումներով ընտրական պրոցեսում ավելի առաջատար է․ Շիրակ Թորոսյանի ո՞ր հայտարարությունն է ազնիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում 2023 թվականի հուլիսի 8-10-ը Տաշքենդ է գործուղղվել Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Նրա գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Մոսկվա-Տաշքենդ-Երեւան) եւ օրապահիկը վճարվել է ՀՀ պետական բյուջեից:

ArmLur.am-ը կապ հաստատեց Շիրակ Թորոսյանի հետ, պարզելու թե ինչ գործունեություն է իրականացրել այնտեղ։

– Պարո՛ն Թորոսյան, ընտրությունների օրը՝ որպես աշխատանքային օր, որ ժամից եք սկսել:

-Ընտրությունները կիրակի օրն էին՝ հուլիսի 9-ին, քվեարկության պրոցեսը սկսվել է ժամը 8-ին, ավարտվել՝ երեկոյան 8-ին։ Մենք ընտրատեղամասեր եղել ենք ժամը 7:30-ին՝ դիտարկելու նախապատրաստական աշխատանքները։ Դիտարկել ենք իրենց գործողությունները, թե ինչպես են նախապատրաստվում։ Հանձնաժողովի անդամները ստացել են վերջին հանձնարարականները, նստել իրենց տեղերում և իրենց օրներգի հնչելուց հետո բացվել են տեղամասերը։

– Քանի՞ ընտրատեղամասում եք հասցրել լինել 1 օրում:

-Օրվա ընթացում եղել եմ 6 տեղամասում, այդ թվում՝ Տաշքենդի կենտրոնական և ծայրամասային հատվածներում, մասնավորապես՝ գնչուական թաղամասում։

– Ի՞նչ ընտրախախտումներ եք արձանագրել և ի՞նչ եք արել արձանագրված ընտրախախտումների պայմաններում։

-Վիզուալ առումով որևէ ընտրախախտում չեմ դիտարկել, ընտրողները ընտրել են ըստ իրենց ընտրական օրենսգրքի։ Իմ եղած տեղամասերում, ես չեմ տեսել որևէ աչքի ընկնող բան, որը կարելի էր դիտարկել ընտրախախտում։

-Իսկ ընտրությունների օրը կուտակումներ արձանագրե՞լ եք, ինչպես սովորաբար Հայաստանում լինում է:

-Կուտակումներ չկային, հանգիստ էր ընթանում պրոցեսը։ Ամեն դեպքում իմ եղած տեղամասերում հանգիստ էր։ Իմ դիտարկման ընթացքում մեկ-երկու ընտրող եմ տեսել, կամ երեք-չորս։

– Իսկ ի՞նչ նմանություններ կային ընտրությունների գործընթացում եւ ի՞նչ տարբերություններ կառանձնացնեիք Հայաստանի ընտրությունների հետ համեմատությամբ:

-Հայաստանի ընտրությունների հետ համեմատած, այսպիսինն է վիճակը․ իրենց ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական կարգը զուտ արդիական տեխնոլոգիաների առումով զիջում է մեր ընտրական պրոցեսին, որովհետև մեր ընտրական պրոցեսը ամբողջովին էլեկտրոնային է և մուտք գործելուց արդեն էկրանին երևում է ընտրողը և դա հնարավորությւոն է տալիս ավելի կազմակերպված լինել և հնարավորինս բացառել ընտրախախտումները։ Բայց այնտեղ այդ համակարգը ներառված չէ։

– Ձեր գնահատմամբ, Ուզբեկստանը Հայաստանից ընտրական գործընթացի մասով օրինակ ունի՞ վերցնելու։

-Ես կարծում եմ, որ Ուզբեկստանը ունի Հայաստանից օրինակ վերցնելու բաներ այս առումով, որովհետև զուտ արդիական տեխնոլոգիսաների առումով մենք շատ առաջ ենք։

– Պարո՛ն Թորոսյան, հիմա դուք ասում եք, որ Հայաստանը օրինակելի է, բայց երբ Դուք ՀՀԿ-ական պատգամավոր էիք, էլի ասում էիք, որ ընտրախախտումներ չկան ՀՀԿ-ի օրոք, հիմա նույնը ասում եք ՔՊ-ի օրոք: Ձեր ո՞ր հայտարարություններում եք ազնիվ ու անկեղծ:

-Հայաստանը ներկա պահին իր տեխնոլոգիական ներդրումներով ընտրական պրոցեսում ավելի առաջատար է։ Ժամանակի առումով, երբ ժամանակը առաջ է գնում, տեխնոլոգիաները զարգանում են, որոնց ավելի թափանցիկ են դարձնում ընտրական պրոցեսը, այս առումով մենք ավելի առաջ ենք։ Հնարավոր է, որ հինգ տարի հետո շատ ավելի արդիական տեխնոլոգիաներ ներառվեն և ավելի կատարելագործվի ընտրական համակարգը։

– ՀՀԿ-ն էր կեղծարա՞ր, թե՞ ՔՊ-ն:

-Կեղծարար բառը ես չեմ ուզում օգտագործել, ես խոսում եմ ընտրական տեխնոլոգիաների մասին, ես ասում եմ, որ հիմա ավելի արդիական է ամեն ինչ։

Մաշա Մելքոնյան




Լրահոս