Ուկրաինայի իշխանությունը անհեռանկար իշխանություն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուկրաինայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները բոլոր երկրների համար պետք է դաս լինեն, քանի որ բիրտ ուժի կիրառմամբ, առհասարակ  տրորելով, հեղափոխություն իրականացնելով այն վայրում, որտեղ ապրում ես, և հրկիզելով, փշրելով, կարծում եմ, որ 21-րդ դարում պարզապես անընդունելի է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը` ավելացնելով, որ Ուկրաինայի ժողովուրդը շատ է տուժել ու դեռ տուժելու է:

«Ուկրաինայի ժողովուրդը շատ պետք է տուժի այս ամենից երկար տարիներ և ֆինանսապես, և տնտեսապես, և քաղաքական առումով, քանի որ խեղաթյուրվում է քաղաքական համակարգը, քաղաքական մթնոլորտը»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը` կարծելով, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները շատ անհեռանկար իշխանություն են:

Համաձայն ՀՀԿ խմբակցության պատգամավորի պնդումների` Ուկրաինայի ժողովուրդը վարդագույն աչքերով է տեսնում այս իրադարձությունները` կարծելով, որ մայդանը իրենց զարգացում կբերի, բայց իրավիճակը այդպիսին չէ և նրանք հետագայում կզգան այս ամեն ինչի բացասական հետևանքները, քանի որ իշխանությունները բացի արտասահմանից գումար ուզելուց այլ խնդիր ու նպատակ չեն դնում իրենց առջև:

Ժառանգության խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ նշեց, որ Ուկրաինայի դասերը պետք է քաղեն ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանավորները:

«Չի կարելի փոքր խմբի մտահոգություններին ականջ չանել, հաշվի չառնել, քանի որ դա ի վերջո կարող է բերել մայդանի»,- նշեց Ժառանգության խմբակցության պատգամավորը` ավելացնելով, որ պետք է հասկանալ, թե ինչ պետք է անել, որ մենք չհայտնվենք այդ վիճակում ու դառնանք այլոց շահերի կատարող, այլ պետք է մեր շահերով առաջնորդվենք:

Ըստ Թևան Պողոսյանի` պետք է տեսնել, թե ինչ ընտրություն է կատարելու Ուկրաինայի ժողովուրդը և պետք է հարգել այդ ընտրությունը, և այս ամենից պետք է դասեր քաղել, որպեսզի հասկանանք ինչ անել, թե ինչ անել, որ երկիրը չկործանվի, ինչ անել, որ երկիրը զարգանա:




Լրահոս