Նոր բնակարան Երևանում և 60 մլն տարեկան ընտանեկան եկամուտ. Լենա Նանուշյանի և ամուսնու ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի հունվարի 26-ին՝ ճիշտ այն ժամանակ, երբ Արսեն Թորոսյանին հունվարի 18-ից փոխարինում էր ներկայիս նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը։

2 տարիների պաշտոնավարման ընթացքում Նանուշյանը քիչ եկամուտ չի դիզել։ Նա 2022 թվականին ձեռք է բերել բնակարան «Սկայ բիլդինգ» ՍՊԸ-ից՝ 54 մլն 474 հազար դրամ արժողությամբ։ «Սկայ Բիլդինգ» ՍՊԸ-ի գործունեությունը 2022 թվականի մարտին միացման եղանակով դադարեցվել է։ Ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության և բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին:

Նրա ընտանիքը մինչ այս ունեցել է ևս մեկ բնակարան որպես նվիրատվություն Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, այն ձեռք է բերվել 1915 թվականին։

Առողջապահության տեղակալի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 հազար դոլար և 3 մլն 344 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 55 մլն 996 հազար դրամ, որից 17 մլն 127 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նանուշյանը 10 հազար դոլար ստացել է նվիրատվություն Օֆելյա Նանուշյանից։

Նանուշյանը 54 մլն դրամ վարկ է հայտարարագրել, որը ըստ երևույթին բնակարանի հիպոտեկի գումարն է, սակայն վարկերի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 34 մլն դրամ։ Նանուշյանը, ինչպես պետական համակարգում աշխատող հայտարարատու անձ, ևս ոչ մի ծախս չի հայտարարագրել։

Նանուշյանի ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը, հայտարարագիրը ներկայացրել է որպես Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետի տեղակալ: Նա հայտարարագրել է մեկ բնակարան Շենգավիթ վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2001 թվականին, իսկ 2006-ին գնել է ավտոտնակ:

Մխիթարյանը հայտարարագրել է 2015 թվականի արտադրության MAZDA մակնիշի, որը գնել է 2021 թվականին: Նրա հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 2 մլն 152 հազար դրամ, այն նույն կազմակերպությունից, որից կինը միանձնյա եղանակով գնել է բնակարան: Կանխիկ դրամական միջոցները կազմել են 18 հազար դոլար, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 026 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Արթուր Մխիթարյանը ևս ծախսեր չի հայտարարագրել:

Էմմա Միքայելյան

 




Լրահոս