Հուլիսի 27-ին ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին։
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։
Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց որևէ նախապայմանի։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախի հարցում մշտապես դրսևորվող համարձակ ու ազնիվ դիրքորոշման համար։
Կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Ֆրանսիայի շրջանների և քաղաքների կողմից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու ծրագրերը։