«Առաջին նախագահի խոսքում դրական շեշտադրումներ տեսա, քանի որ վերջինս բացառեց որևէ գործողություն ՀԱԿ-ի կողմից, որը կվտանգի երկիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը` ավելացնելով, որ նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ի անդամները միշտ ծայրահեղ ձևակերպումներով են հանդես եկել:
Անդրադառնալով այն գործընթացներին, որոնք ընթանում են ՀԱԿ-ի և այլ ուժերի հետ, Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ այս պարագայում մոտիվները շատ տարբեր են և այս քաղաքական երկխոսության արդյունքում այդ ուժերը իրենց համար 2017-2018թթ.-ի հարց են ինչ-որ ձևով լուծում:
«Շատ կարևոր է, որ ընդդիմությունը առողջ գնահատականներ տա և երբևէ չպիտի առաջնորդվի միայն իշխանափոխություն գոռալով»,- նշեց Կարինե Աճեմյանը` ավելացնելով, որ ինքը չի տեսնում այնպիսի ուժ, որը այս դժվարին աշխարհաքաղաքական գործընթացներում կարողանա երկիրը այնպես ղեկավարել, որ այն ոչ միայն չտուժի, այլև շահի:
ՀՀԿ-ական պատգամավորի այն համոզմանը, որ ընդդիմությունը թիրախները ընտրում է արհեստականորեն և ամեն անգամ շահարկում է տարբեր թեմաներ ու փորձում դրանով դիվիդենտներ շահել, Ժառանգության խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հակադարձեց` նշելով, որ խնդիրը շահարկումների դաշտի մեջ չէ, քանի որ այսօր Ժառանգությունը և այլ ուժեր կարող են արդեն օրակարգ թելադրել ու իրենք կունենան տարբեր հարցերում համատեղ նախաձեռնություններ ու շատ հարցերի լուծումներ: