Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություն՝ պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանը կներդնի բոլոր ջանքերը դարավոր բարեկամության ամուր հենքի վրա դրված հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար:
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ դեսպան Օլիվիե Դըկոտինյիի պաշտոնավարումը մեկնարկում է Հայաստանի և հայ ժողովրդի համար անվտանգային ու աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման բարդ ժամանակաշրջանում:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հստակ և հասցեական արձագանքները, որոնք հնչում են տարբեր մակարդակներով: Կարծում եմ՝ մեզ դժվար, սակայն արդյուանավետ աշխատանք է սպասվում: Համոզված եմ, որ մենք այս իրավիճակում արժանի լուծումներ ենք գտնելու, և ավելի շատ մտածելու ենք ստեղծագործական համագործակցության մասին»,- ասել է նախագահը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ողջույնի խոսքերի համար:
«Հայաստանը և Ֆրանսիան բարեկամ երկրներ են, իսկ բարեկամ երկրները պետք է միմյանց ձեռք մեկնեն դժվարին պահերին: Ֆրանսիայի դիրքորոշումն այն մարտահրավերների առնչությամբ, որոնց առջև կանգնած է Հայաստանը հետևյալն է՝ իհարկե իրավունքի պաշտպանություն, հարգանք իրավունքի նկատմամբ, բնակչության պաշտպանություն, և, անշուշտ, խաղաղության անկեղծ որոնում: Այս ամենին ուղղված բոլոր ջանքերում Ֆրանսիան ներկա է»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական բազմաշերտ ու բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և առկա անվտանգային մարտահրավերներին ու վերջիններիս հաղթահարման ուղիներին:
Երկուստեք շեշտվել է, Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Դեսպան Դըկոտինյին ընդգծել է, որ Ֆրանսիան հստակ դիրքորոշում ունի հնարավոր ջանքերը գործադրել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները: