ՀԱՐՑ. Երբ Երեւանի մանկապարտեզներն անվճար դարձան, երեխաների թվաքանակը կտրուկ աճեց, բայց արդյունքում խմբերը չավելացան: Օրինակ` ՀԱԹ մանկապարտեզներում գրեթե նույն վիճակն է, մեկ խմբում 40-50 երեխա կա, եւ դաստիարակը չի կարողանում ղեկավարել բոլոր երեխաներին: Արդյո՞ք նոր խմբեր չեն բացվելու: Ի՞նչ նոր ծրագրեր կան այս ուղղությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետի 01.04.2011թ. հ.1101-Ա որոշումից հետո Երեւանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների թիվն աճել է 3200-ով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այդ թիվը 1158 է, իսկ հերթագրված երեխաների թիվը` 1200: Վերջին 2 ամիսների ընթացքում վերոնշյալ վարչական շրջանի 22 հաստատություններից գերբեռնված խմբեր ունեցող թվով 9 մանկապարտեզներում բացվել են լրացուցիչ 1-ական խմբեր: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գերբեռնված հաստատությունների հարեւանությամբ գործում են մանկապարտեզներ, որոնք ունեն ազատ տարածքներ, սակայն նախակրթական ուսումնական հաստատության ընտրությունը ծնողի իրավունքն է:
տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողն ավելին է ակնկալում, քան հնարավոր է: Ի վերջո, անհնար էր հավատալ, որ ե՛ւ մանկապարտեզներն անվճար դառնային, ե՛ւ նոր աշխատակիցներ ընդունելու հնարավորություն ստեղծվեր: Դաստիարակ աշխատել ցանկացողներ ու համապատասխան մասնագիտական կրթություն ունեցողներ, իհարկե, շատ կգտնվեն, բայց դժվար չէ պատկերացնելը, որ նրանց վճարելու հնարավորություն չի գտնվի: Արդյունքում որքան էլ ուրախալի լինի մանկապարտեզ հաճախող երեխաների թվի աճը, պարզ է նաեւ, որ մեկ դաստիարակը ֆիզիկապես ի վիճակի չէ ուշադրության կենտրոնում պահել 40-50 երեխայի: