Կոչով չեն միավորվում. նկարիչը` նախկին նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարիչ Հաղթանակ Շահումյանը, armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում խոսելով մարտի մեկին Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի  ելույթի մասին, ասաց, որ մարտի մեկը  մեր ժողովրդի ցավոտ և ամոթալի էջերից մեկն  է:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահի ելույթին, որով նա, ըստ էության, համախմբման կոչ արեց, պրն Շահումյանի խոսքով`  կոչով չեն միավորվում: «Մեր երկիրն արդեն իսկ  միավորման կոչ է, իսկ ընդհանրապես չեմ ուզում  մեկնաբանել  այդ ելույթը, քանի որ   քաղաքական գործիչների մտածողությունը ինձ համար անհասկանալի է»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով` միավորումն ու համախմբումը  հնարավոր է միայն  բարոյական միջավայրում, իսկ ներկայիս ժամանակաշրջանը  մեր երկրի պատմության ամենաբարոյազուրկ  ժամանակներից  է :

Նկարչից հետաքրքրվեցինք` արդյոք Ծառուկյանը նման է Իվանիշվիլին, որի մասին հայտարարեց ՀԱԿ կուսակցության ղեկավարը, պրն Շահումյանը  խուսափողական պատասխանեց.« Դե, երևի, չգիտեմ »:

Արդյոք ԱԺ ոչ չորս իշխանական ուժերի համախմբումը, որի մասին խոսեց նաև  Լևոն Տեր-Պետրոսյանը, կստիպի՞ իշխանություններին  որոշակի փոխզիջումների գնալ:  «Իշխանությունը պետք  է  ջանքեր թափի, որ  մարդիկ  իրենց երկրում ապագա տեսնեն: Գիտեք,ես չեմ կարծում, թե մարդիկ կուզենային գիտակցաբար երկրին վնասել, պարզապես մարդու անձնական շահի  գիտակցությունն ավելի բարձր է, քան ազգի ու երկրի շահը: Բացի այդ` շատ մարդիկ, օրինակ, չինովնիկներ, իրենց տեղում չեն»,-եզրափակեց Հաղթանակ Շահումյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս