Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի՝ առաջատար տուրիստական շրջաններից մեկի Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում բռնկված հրդեհը։
Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով, բայց տարածքի զառիթափ ռելիեֆը դժվարացնում է ցամաքով տարվող աշխատանքները։ Հրդեհը մարելու համար հրշեջներն աշխատում են գիշեր-ցերեկ՝ ընդհանուր առմամբ կիրառվել է 4 ինքնաթիռ և 20 ուղղաթիռ, ինչպես նաև գիշերային տեսանելիության սարք ունեցող ուղղաթիռներ։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում տարվող աշխատանքների մասին տեղեկացրել է Թուրքիայի անտառային տնտեսության գլխավոր տնօրեն Բեքիր Քարաջաբեյը։ Նա մասնավորապես հայտնել է, որ 4 օրվա ընթացքում կատարվել է 1963 թռիչք՝ 431 ժամ տևողությամբ և ծախսվել է 7230 տոննա ջուր։ Հրշեջները անդադար աշխատում են, որպեսզի կարողանան ցամաքային և օդային ճանապարհով մարել կրակը։