Հայաստանը եւ Չինաստանը շարունակում են ամրապնդել բարեկամական հարաբերությունները՝ արդեն արվեստի միջոցով: Այսօր Հայաստանում Չինաստանի դեսպանատանը՝ դեսպան Ֆան Յոնգի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հայ և չին նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառումը միտված է հայկական և չինական մշակութային արժեքների փոխանակմանը։ Դեսպան Ֆան Յոնգը, խոսելով միջոցառման ուղերձի մասին, շեշտում է՝ Հայաստանը և Չինաստանը հարուստ մշակույթ և քաղաքակրթություն ունեցող երկրներ են, իսկ նման միջոցառումները լավ առիթ են՝ ավելի լավ ճանաչելու միմյանց մշակույթը և ամրապնդելու երկու ժողովուրդների միջև կապը: Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանը և Չինաստանը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ փորձ ունեն, իսկ մշակութային համագործակցությունն ավելի է մերձեցնելու երկու երկրների հարաբերությունները:
Մշակութային այս միջոցառմանը մասնակցում էին հայ եւ չինացի նկարիչներ, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց միավորել էր ընդհանուր հետաքրքրությունը հայկական և չինական արվեստների նկատմամբ, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև մշակութային փորձի փոխանակման հեռանկարը:
Քրիստինե Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան