«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսներին, որպես դրամաշնորհային ծրագիր, «Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 3 մլդ 281 մլն 370 հազար դրամ գումար: Նկատենք, որ, չնայած ամեն տարի գյուղատնտեսության համար ծախսվող գումարներին, այդ ոլորտը մեր երկրում չի զարգանում, կարճ ասած՝ պետության ներդրումների արդյունքը չի երեւում: Նախ՝ բույսերի համար եղանակային անբարենպաստ պայմաններից ամեն տարի տուժում են հեկտարներով ցանքատարածություններ, իսկ նախարարությունն ամեն անգամ նոր պատճառաբանություններ եւ օրենքներ է առաջ բերում, որպեսզի այդ վնասները չփոխհատուցի: Գյուղատնտեսական ապահովագրության համակարգը չի ներդրվում, այնինչ բանջարեղեն եւ մրգեր իրացնելը գյուղատնտեսների համար լուրջ պրոբլեմ է. բերքը անասելի էժան է վաճառվում սեզոնին: Մարդիկ ստիպված են լինում փողոցներ փակել, որ աճեցրածն իրացնեն:
Կարճ ասած, շուկայում գործող մոնոպոլիաների պատճառով բերքը հաճախ կա՛մ վաճառվում է էժան գնով, կա՛մ փչանում է պահեստներում: Գյուղացիների ներդրած գումարները, որպես եկամուտ, այդպես էլ չեն արդարացվում, իսկ պետությունը ոլորտի զարգացման համար միլիոնավոր գումարներ պարզապես դեն է նետում: 3 մլդ դրամով, օրինակ, կարող էինք կառուցել Սեւանի ջրառի ջրատարը, որպեսզի ջրի ավելորդ կորուստներից խուսափենք եւ Արարատյան դաշտավայրի բոլոր ցանքատարածություններ ջուր հասցնենք: Նկատենք, որ դրամաշնորհների մեծ մասը տրամադրվել է սույն թվականի հունվարի 17-ին՝ այն ժամանակահատվածում, երբ գյուղատնտեսությունը գտնվում էր պասիվ վիճակում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: