Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր պաշտոնապես հրաժարական ներկայացրեց:
Արցախի խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է արտահերթ նիստ հրավիրի եւ խորհրդարանի նոր խոսնակ ընտրի:
Ըստ նախկինում գործող կանոնադրության՝ ԱԺ նախագահն ընտրվում էր հրաժարականից հետո՝ 10-օրյա ժամկետում:
Արցախի խորհրդարանն իր արտահերթ նիստում օրեր առաջ փոփոխություն կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքում եւ ԱԺ նախագահի ընտրության ժամկետները հնարավորինս սեղմեց՝ 10-օրյա ժամկետից դարձնելով 2-ի, այսինքն՝ երկու օրվա ընթացքում Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի եւ ԱԺ նոր նախագահ կընտրի:
Ըստ Արցախի ԱԺ կանոնադրության՝ ԱԺ խոսնակն ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Արցախի ԱԺ նախագահի հավանական թեկնածուն ընդդիմադիր, դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, որը Արցախում համարվում է Արայիկ Հարությունյանի սրտի թեկնածուն:
Քրիստինա Մուշեղյան