ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից. Արցախի ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրվել են փաստեր, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հունիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։

Անձնագրերն ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հարցին, թե ինչու չեն վերադարձնում անձնագիրը, ադրբեջանցիները պատասխանել են, որ 5 րոպեից կտրամադրեն։ Այդ ընթացքում Վագիֆ Խաչատրյանին ուղեկցել են ադրբեջանական անօրինական «անցակետում» տեղակայված բժշկական սենյակ, որտեղ նրան հարցեր են ուղղել առողջության հետ կապված, հետաքրքրվել ՀՀ տեղափոխվելու առողջական պատճառներից։

Այնուհետև Վագիֆ Խաչատրյանին տեղեկացրել են, որ պետք է 15 րոպեով ուղեկցեն «անցակետի» մոտակայքում տեղակայված սենյակներից մեկը մի քանի հարց ուղղելու համար։ Վագիֆի դուստրը և ԿԽՄԿ ներկայացուցիչը պնդել են, որ հարցերը կարող են ուղղել հենց անցակետում, այլ տեղ տեղափոխվելու անհրաժեշտություն չկա։ Դրանից հետո ադրբեջանցիները սպառնացել են, որ դա կանեն ուժի կիրառմամբ։

Այդ նույն ժամանակ, ըստ վկայությունների, «անցակետի» մոտ ինքնաձիգերով զինված բազմաթիվ ադրբեջանցի ծառայողներ են հավաքվել։ Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։

Այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ։ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ունի սրտանոթային հիվանդություն, տեղափոխվում էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն վիրահատության նպատակով։ Բուժառուներին Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխելուց առաջ ԿԽՄԿ-ն ստանում է բոլոր կողմերի՝ այդ թվում ադրբեջանական կողմի համաձայնությունը, ըստ այդմ՝ ձեռք բերված համաձայնությունից հետո ԿԽՄԿ-ն կրում է այդ անձանց անվտանգ տեղափոխման պատասխանատվությունը։

Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու դրա շրջանակներում նրա՝ այսպես կոչված կալանավորումը կեղծ և շինծու պատրվակ է նրան առևանգելու համար։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։ Ուստիև՝ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որի իրավունքների պաշտպանության համար Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ իրավական գնահատական տալով ադրբեջանական այս հանցագործությանը, ձեռնարկել ԿԽՄԿ մանդատից բխող բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու, մինչև վերադարձնելը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու, նրա նկատմամբ խոշտանգման, կտտանքների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կառավարություններին ներկայացնել փաստեր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման և Արցախի ժողովրդի նկատմամբ համակարգային կերպով իրականացվող, էթնիկ զտման և ցեղասպանության անհերքելի նպատակ հետապնդող հանցագործությունների վերաբերյալ՝ ապահովելու անհրաժեշտ միջազգային ճնշում։ Միջազգային կազմակերպություններին՝ հիմք ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցվող ահազանգը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ, Ադրբեջանի նկատմամբ կիրառել հարկադրական և պատժիչ միջոցներ՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարման համար։ Լաչինի միջանցքը, որի մեջ է մտնում նաև Հակարիի կամուրջ, ըստ 2020 թվականի եռակողմ հայտարարության, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետից մի քանի մետր հեռավարության վրա, որի կանխման ուղղությամբ խաղաղապահների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը համարվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածք և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, ՌԴ կողմից պետք է ձեռնարկվեն բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու և Լաչինի միջանցքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքերի կրկնությունը։




Լրահոս