Ազգային Ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Տաղանդավոր երաժիշտ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն անազատության մեջ է արդեն 10 ժամից ավել:
Ովքեր չեն ճանաչում տաղանդավոր դիրիժորին, միայն հիշեցնեմ, որ նա 2014 թ. դարձել է արվեստի բնագավառի ամենաերիտասարդ գործիչը և առաջին հայը, ում Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարի կողմից շնորհվել է «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսը:
Սերգեյ Սմբատյանը և նրա մտավորական հայրը՝ Արմեն Սմբատյանը, այսօր կեսօրից Ձերբակալվածների պահման վայրում են: Իսկ 22:00-ից՝ դատարանում, ուր քննվում է նրանց կալանավորելու քննչականի միջնորդությունը:
Նույնիսկ չեմ մատնանշում, թե ինչ արարք է մեղսագրվել նրանց, քանի որ մեր երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվում. յուրայիններին պատիժ չկա, չենթարկվողներին՝ ամենախիստ պատիժ:
Բայց այս դեպքում մտահոգիչ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչնչացնում է Հայաստանի արտաքին իմիջի բոլոր դրական բաղադրիչները և անհատներին:
Սերգեյ Սմբատյանը Հայաստանի այցեքարտերից է. ինչպե՞ս կարելի է տարիներ առաջ հարուցած ինչ-որ գործի շրջանակներում ազատությունից զրկել նրան:
ՀՀ քրեական և մյուս օրենսգրքերը նման իրավիճակներում տարբեր լուծումներ են նախատեսում, բայց ոչ ձերբակալում կամ կալանք:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ»- գրել է նա։