«Արցախում ճգնաժամը կրիտիկական է»․ ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բայդենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և միջազգային հանրությանը կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը կանխելու համար, հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Ալիևի ռեժիմի պատճառով Արցախի ժողովուրդը հումանիտար ճգնաժամի է բախվում։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով պարենի պաշարները կրճատվում են, դեղորայքը սահմանափակ է, առօրյա անհրաժեշտ ապրանքների քանակը վտանգավորության աստիճանի քիչ է։ Միջազգային հանրությունը չափազանց երկար է մնացել դիտորդի կարգավիճակում։ Ճգնաժամը սրվել է ու վտանգավոր, կրիտիկական կետի է հասել․ տասնյակ հազարների կյանքն այժմ վտանգված է»,-նշել են կոնգրեսականները։ Նրանք Ադրբեջանի գործողություններն էթնիկ զտում են կոչել՝ Բայդենի վարչակազմին և միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել:

«Միջազգային հանրությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները, որպեսզի դադարեցնի շրջափակումը, փրկության այս կենսական ճանապարհը բացի և կանխի աղետալի հումանիտար ճգնաժամի զարգացումը: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին անհապաղ գործել և օգնել այս կանխամտածված և հաշվարկված ճգնաժամը խաղաղ ավարտին հասցնել»,-նշել են նրանք։




Լրահոս