Այսօր ժամը 11:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ «Բացում» քաղաքացիական նախաձեռնությամբ իրականացնելու ենք բողոքի
միջոցառում, որի նպատակն է՝
ա․ պահանջել Կարմիր Խաչի (ԿԽ) բուժառու Վագիֆ Խաչատրյանի ադրբեջանական ուժերի կողմից առևանգումը դատապարտել և վերադարձնել նրան ԿԽ-ին,
բ. ստանալ հուլիսի 24-ին նախաձեռնության հանձնած դիմում-նամակի գրավոր պատասխանը,
գ. փոխանցել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին նախօրոք ձեռք բերված
համաձայնությամբ հավաքված փաստեր՝ կապված Արցախում հումանիտար ճգնաժամի հետ։
Ժամը 15:00-ին հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի
դիմաց կազմակերպվող մամուլի ասուլիսին, որի ընթացքում կամփոփենք վերջին երկու
շաբաթվա ընթացքում նախաձեռնության կատարած գործողությունները, ինչպես նաև կխոսենք
հետագա անելիքների մասին։
«ԲԱՑՈՒ՛Մ» նախաձեռնության նպատակն է ջատագովել և հասնել Հայաստանից դեպի Արցախ
կենսական ճանապարհի՝ Բերձորի միջանցքի, բացմանը։ Մեր նախաձեռնությամբ վերջին երկու
շաբաթների ընթացքում հումանիտար բեռներ են հավաքագրվել ՄԱԿ-ի հայաստանյան
գրասենյակի առջև, որը մտադիր ենք Բերձորի միջանցքով ուղարկել Արցախ։
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 24-ին մեր նախաձեռնության անդամները դիմում-նամակ են
հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
պարոն Նիլս Սքոթին։Ինչպես նաև հանդիպում ունեցել պարոն Սքոթի և ՄԱԿ-ի հայաստանյան
գրասենյակի ներկայացուցիչների հետ։
Համաձայնություն է ձեռք բերվել քաղաքացիական փաստահավաք գործունեություն
իրականացնելու՝ կապված Արցախում հումանիտար ճգնաժամի հետ։ Հավաքագրված փաստերը
պետք է փոխանցվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակին, որը հնարավորություններ կստեղծի
հումանիտար բեռների տեղափոխման համար։