ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական երկու վարույթների շրջանակներում իրականացված քննչական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Մասնավորապես, քրեական վարույթներից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը, «Տելեգրամ» սոցիալական ցանցի համապատասխան ալիքի էջում ծանոթանալով թմրամիջոց ձեռք բերողի համար թմրամիջոցներ թաքցնողի աշխատանքի հայտարարությանը, նշված ալիքը վարող, ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ ձեռք է բերել հանցավոր պայմանավորվածություն: Ըստ այդմ՝ երիտասարդը, թաքցված զգալի չափերով՝ ընդհանուր 3,41 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ 8 փաթեթներով, և մանր չափ չհանդիսացող 0,31 գրամ հաստատուն քաշով տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոցը՝ 1 փաթեթով, դրամական վարձատրություն ստանալու նպատակով, թաքստոցից վերցրել ու դրանցից 3-ը պահել է Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում: Մնացած փաթեթները չի հասցրել տեղավորել թաքստոցներում, քանի որ հանցանքը կատարելիս նույն օրը ձերբակալվել է: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել ու վերցվել է դեռևս չթաքցված 6 փաթեթ:
Նշված երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Մյուս քրեական վարույթի նախաքննությամբ էլ պարզվել է, որ 2023թ․ մարտին 28-ամյա երիտասարդը, մորաքրոջ որդու հետ, թմրամիջոց ապօրինի իրացնելու նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհից, «Տելեգրամ» սոցիալական կայքով գրանցված ալիքի օգտատիրոջից ապօրինի ձեռք են բերել «Մարիխունա» տեսակի թմրամիջոց և իր կողմից շահագործվող ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել են Վանաձոր քաղաք, տեղադրել քաղաքի տարբեր փողոցներում, լուսանկարել դրանք և «Տելեգրամ» սոցիալական կայքով ուղարկել նշված օգտատիրոջը։ Դրանից հետո տեղադրված փաթեթների համար նրանց բանկային հաշվեհամարին փոխանցվել է յուրաքանչյուր փաթեթի հաշվակով նախապես պայմանավորված ընդհանուր գումարը, որը եղբայրները կանխիկացրել են և հավասարապես բաժանել։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը 18 տարեկանից օգտագործում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ գնելով «Տելեգրամ» կայքից, ավելին՝ ինքը ևս գրանցված է այդ կայքում՝ կեղծանվամբ։
Դեպքից մոտ մեկ ամիս առաջ «Տելեգրամ» հավելվածում տեսել է այլ անվամբ գրանցված կայքը, որի օգտատիրոջ հետ պայմանավորվել է կայքի միջոցով նրանից գնել և Վանաձոր քաղաքի տարբեր վայրերում տեղադրել թմրամիջոցի չափաբաժիններ՝ տեղադրված և նկարված յուրաքանչյուր փաթեթի համար վճարի դիմաց։
28-ամյա երիտասարդը որոշել է այդ գործընթացում ներգրավել նաև 23-ամյա եղբորը, ինչին վերջինս համաձայնել է։ Վերջիններս 2023թ․ մարտի 29-ին որոշել են թմրանյութ օգտագործել, որի նպատակով գնացել են Վանաձոր քաղաքի թաղամասերից մեկը, վերցրել են իրենց կողմից տեղադրված փաթեթներից երկուսը, սակայն հանցանքի պահին ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են։
Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Քրեական նշված վարույթներով երեք երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ողւարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։
Տելեգրամյան ալիքով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված, ինքնությունը չպարզված վերոհիշյալ օգտատերերի, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեն կրկին հանրությանը, հատկապես՝ դեռահասներին և երիտասարդներին, զգուշացնում է, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից թմրամիջոցներ ձեռք բերելը և ֆինանսական վարձատրության դիմաց այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից և անխոսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից։