ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2023 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում`գետնատնակի հարակից տարածքում, հրազենային վիրավորումից նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամաքներ ևս։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված դիրքի ավագ, դասակի հրամանատար Տ․Ս․-ն, տեղեկանալով զինծառայող Ա․Հ․-ի կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին՝ վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի գնդացրով նրան մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու մասին, կատարել է հանցագործություն կատարծ անձի բացահայտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ։
Մասնավորապես, նա գնդացիրը դրել է Մ․Գրիգորյանի մարմնի կողքին, և նրա հրահանգով Ա․Հ․-ն համածառայակիցներին, մարտական դիրք մեկնած զորամասի սպաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել՝ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելու եղանակով:
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա դիրքի ավագ Տ․Ս․-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ նշված քրեական վարույթով նաև զինծառայող Մուրադ Գրիգորյանին՝ իրեն ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից արձակված կրակոցով վերջինիս մահացու հրազենային վնասվածքը հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակից Ա․Հ․-ին, որի նկատմամբ դատարանի որոշմամբ ևս որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։