Լևոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան ելույթը դարձել է բուռն քննարկման առարկա հատկապես ոչ իշխանական ու արտախորհրդարանական ուժերի շրջանում: Յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում ՀՀ առաջին նախագահի ու հատկապես Ծառուկյան-Իվանիշվիլի նմանությունը: Իսկ թե ինչպես է արձագանքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին շատերի կողմից ԲՀԿ-ամերձ կողմնորոշում ունեցող, 2-րդ նախագահի, այսպես ասած, համակիր և ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին քննադատաբար հանդես եկող «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, Հայաստանում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ներկայացուցիչ Արամ Հարությունյանը, պարզեց armlur.am լրատվականի թղթակիցը` զրուցելով Արամ Հարությունյանի հետ:
–Պրն Հարությունյան, մոտավորապես մեկ շաբաթվա տարբերությամբ նախագահի նախկին երկու թեկնածուները`Րաֆֆի Հովհաննիսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանըմ, հանդես եկան համախմբման կոչով: Հասարակական-քաղաքական դաշտն ավելի շատ համախմբման ո՞ր կոչին կարձագանքի:
-Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում եմ համախմբման հնարավորությունն ուներ 2013-ին, որից ինքը չօգտվեց: Հիմա, ըստ էության, թեկնածուների առաջնահերթության խնդիր չկա: Կարևորն ամբիցիաները մի կողմ դնելն է, անցնցում իշխանափոխություն անելը և զույգ Սարգսյաններին հեռացնելը: Իսկ դրա համար անհրաժեշտ է գործնական քայլեր անել:
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամենակարևոր մեսիջը համախմբման կոչն էր և ընդհանուր օրակարգ ձևավորելը, որին պետք է մասնակցեն նաև արտախորհրդարանական ուժերը:
–Հերթական անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը ծանր բեռը դրեց Գագիկ Ծառուկյանի վրա, ով հոտընկայս խմել է Սերժ Սարգսյանի կենացը, ում կուսակցությունը նախկինում եղել է կոալիցիայի անդամ : Այսքանից հետո հարց է առաջանում`ինչով է տարբերվում Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից:
Սերժ Սարգսյանից Ծառուկյանը տարբերվում է նրանով, որ Գագիկ Ծառուկյանը իշխանություն չէ, նա իր փողերից հեշտ է բաժանվում: Սերժ Սարգսյանը երբևէ բարեգործություն արե՞լ է սեփական գրպանից: Բացի այդ` այսօր իշխանության սխալների համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը:
-Հավատացա՞ծ եք, որ Ծառուկյանն իր գրպանից է բարեգործություն անում:
-Դե այս պահին գումարները նրա գրպանում են:
–Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի` Գագիկ Ծառուկյանի վրա հենվելու առաջարկը հերթական հիասթափությունը չի առաջացնի փոփոխությունների մեծ ակնկալիքներ ունեցող հասարակության շրջանում:
-Ժողովրդի մի մասը դժգոհ է միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանից կամ Ռոբերտ Քոչարյանից, բայց փորձել առաջ բերել ընտրազանգվածների հակասությունները, դա չի նպաստի համախմբմանը: Դրան հասնելու համար պետք է չխոսել որևէ մեկի մասին, բացի Սերժ և Սարգսյանների մասին: ԲՀԿ-ը ունի ընտրազանգված…
-Խոսքը ոչ թե ընտրազանգվածի, այլ ԲՀԿ-ի անցած ճանապարհի մասին է:
-Եթե անցած ճանապարհի մասին խոսենք, ես լավ կարող եմ ասել, թե ով այսօր որտեղ է, ժամանակին որտեղ էր: Եթե նկատում եք, ես էլ ժամանակին քննադատել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց այսօր որևէ թթու խոսք չեմ ասում: Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը գործոն են այսօր և իշխանության հետ չեն: Ի վերջո, նույն Քոչարյանն այսօր ընտրազանգված ունի և միգուցե նա սպասում է նրա վերադարձին:
-ՀՀԿ պատգամավորներից մեկն ասում էր, որ այսօրվա խնդիրների համար չի կարելի մեղադրել միայն ներկայիս կառավարությանն ու իշխանությանը: Պետք է ամեն ինչ դիտարկել շղթայական կապով` պատճառները փնտրել 1990-ից սկսած և կտեսնեք, որ յուրաքանչյուր կառավարություն ու նախագահ ունի իր մեղքի բաժինը:
Որևէ նախագահ` ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը սուրբ չեն, բայց որևէ մեկի ժամանակ չի եղել այնպես, որ հասարակության բոլոր խավերը լինեն դժգոհ: Քոչարյանի ժամանակ բոլոր թերություններով հանդերձ միջին խավն աշխուժացավ, ներդրումներ եղան Հայաստանում…
-Քոչարյանի անվան հետ է կապվում նաև հոկտեմբերի 27-ն ու մարտի մեկը…
-Հոկտեմբեր 27-ն առանձին թեմա է: Եթե պատմությունը նայելու լինենք, ով որի ժամանակ ինչ է արել, ուրեմն առաջ չենք գնա: Դա հենց իշխանության նպատակն է` հիշել, ով ինչ է արել և չհամախմբվել, հակառակ դեպքում այս իշխանությունը կմնա մինչև 2017-18 թթ-ը, որից հետո էլ կգտնի մի ձև վերարտադրվելու:
-Այդ դեպքում վերջին քսան տարում տեղի ունեցած հանցագործություններն ու սխալների պատասխան տալու ժամանակը երբ է լինելո՞ւ, եթե օրակարգում նորից լինելու են քաղաքական այն ուժերը, որոնք անվան հետ են կապվում տարբեր հանցագործություններ:
-Պատասխանատվություն կլինի այն ժամանակ, երբ ժողովրդի կողմից ընտրված իշխանություն կունենանք: Բացի այդ, եթե լինեն արտահերթ ընտություններ, ապա չեմ կարծում քաղաքական ուժերը միասին մասնակցեն ընտրությունների: Չնայած չի բացառվում, որ ձևավորվի համազգային ճակատ: Մենք իրար հետ չպետք է պայմանավորվենք վաղվա կառավարության համար: Ընտրություններում հաղթած և ընտրված ուժերից կձևավորվի կառավարություն:
-Բացի երկու նախագահի նախկին թեկնածուներից` ելույթով հանդես եկավ նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով իրեն քննադատողներին, այդ թվում նաև Ձեզ, համարեց իշխանությունից նեղացած:
-Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանի ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նա մեր երկրի հետ որևէ առնչություն չունի, նրա ցավը ժողովրդի ցավը չէ: Ինչ վերաբերում է նեղացած լինելուն, ես երբեք իշխանության մեջ չեմ եղել, որ նեղանամ կամ չնեղանամ: Ես ուղղակի հիասթափված եմ նրանից, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը տոկոս խփեց, այլև նա խփեց բոլոր ռեկորդները, թե որքան վատ նախագահ կարող է լինել: Սերժ Սարգսյանից նեղացածները հիմա նրա պադվալում են:
Սոնա Դավթյան