Արցախի ԱԳՆ-ը հրապարակել է մեկնաբանություն ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին հարցին։
«Ընդունելով Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մեկնարկի շուրջ՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հանրային հետաքրքրության կարևորությունը՝ միևնույն ժամանակ նպատակահարմար չենք համարում մեկնաբաննություններ անել ոչ մեր պատճառով չկայացած առանձին հանդիպումների վերաբերյալ։
Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ: Ավելին, արցախյան կողմն, իր հերթին, պարբերաբար հանդես է գալիս միջնորդների մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման նախաձեռնություններով և առաջարկներով:
Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում երկու կողմերի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: Մեր կողմից նման շահագրգռվածությունն առկա է։ Եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար:
Այս համատքեստում կրկին ընդգծում ենք, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով: Նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ»,-նշված է պատասխանի մեջ։