ՆԱՄԱԿԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բացում» նախաձեռնության անդամները հուլիսի 24-ին Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:

 

Նրանք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին են հանձնել դիմում-նամակ՝ Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող Բերձորի միջանցքի վերաբացման վերաբերյալ։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Նիլս Սքոթին ուղղված նամակում ասվում է. ««Բացում» նախաձեռնությունը, հիմք ընդունելով ՄԱԿ Կանոնադրության նպատակները, սկզբունքներն ու դրույթները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության ժողովրդին, քանի որ վերջինս հանդիսանում է սեփական ինքնորոշման համար պայքարող ժողովուրդ, դատապարտելով 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի ձեռամբ Լաչինի` Բերձորի միջանցքը կեղծ էկոակտիվիստների կողմից արգելափակելը, իսկ սույն թվականի ապրիլի 23-ից՝ միջանցքում անցակետ տեղակայելը, խիստ մտահոգված լինելու նաեւ սույն թվականի հունիսի 15-ից հումանիտար բեռների լիարժեք արգելափակման՝ ժամ առ ժամ վատթարցող հումանիտար աղետի փաստով, հղում անելով ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի երկրորդ  հոդվածում շարադրված գործողություններին, որոնց ակնհայտ գործողություններին է այսօր ականատես լինում ողջ միջազգային քաղաքակիրթ  հանրությունը Արցախում եւ Արցախի շուրջը, հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանի մի շարք իրավապարտադիր որոշումների պահանջները Լաչինի միջանքի ապաարգելափակման ու վերագործարկման առնչությամբ, համակարգողներից եւ նախաձեռնությանն աջակցող քաղաքացիների անունից դիմում ենք ձեզ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքված ողջ հումանիտար բեռը առանց ավելորդ ժամանակ կորցնելու Արցախի ժողովրդին հասցնելու նպատակով:

Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը՝ խնդրում ենք հրատապ կարգով ընդունել հավաքագրված  ողջ հումանիտար բեռը եւ փոխադրել Հայաստանից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն:

Այն իրականացնելու թույլտվության տրամադրման ժամանակ ի գիտություն ընդունե՛ք մեր կողմից անհրաժեշտ կամավորական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը ողջ բեռը ցուցակագրելու, տեսակավորելու եւ փոխադրելու քայլերի շրջանակում»:

Ներկաները վանկարկում էին՝ «Արցա՛խ, քեզ հետ ենք», «Բացո՛ւմ, միացո՛ւմ»:

Նշենք, որ ՄԱԿ-ի մոտ արդեն մի քանի օր է՝ քաղաքացիները պաշարներ են բերում, որոնք  ՄԱԿ-ի օգնությամբ պետք է կարողանան տեղափոխել Արցախ։

«Շատ են հարցնում, թե ինչպես ենք տեղափոխելու։ Այս ամբողջ շարժումը հենց դրա համար է, որ ճանապարհը բացվի։ Հաճախ ասվում է, որ ՄԱԿ-ը չի կարող քայլեր ձեռնարկել առանց պետության ուղիղ հայցի կամ դիմումի։ Այս ուղղությամբ եւս հետեւողական աշխատանք է տարվում։ Մի քանի անգամ փաստաբան Մելանյա Սամսոնյանի հետ այցելել ենք ԱԳՆ, փորձել ենք հասկանալ, թե ով է իրավասուն ԱԳՆ շենքում, որը պետք է առաջ տանի ՄԱԿ-ի հետ բանակցությունները։ Այսօր վերջապես   պատասխանատուներից մեկը արձագանքել է, գրի է առել տվյալները, պահանջը քաղաքացիների կողմից»,- ասաց նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը։ Նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հավաք են իրականացնելու, լինելու է բաց խոսափողի հնարավորություն:

 

 

 

 

ԱՆՄԽԻԹԱՐ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Երեւանի բոլոր փողոցներում ավտոկայանատեղիները փակված են, եւ դրանց տեղերում, ում ձեռքը ինչ ընկնում է, դնում է: Ահազանգ ստացանք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության դիմացի ավտոկայանատեղին անմխիթար վիաճակում է, բոլոր հնարավոր կայանման տեղերում դրված են քարեր, աթոռներ, յուղի երկաթյա բանկաներ, պլաստմասե արկղեր:

«Ժողովուրդ» օրաթերթը շրջել է քաղաքում՝ ֆիքսելով քաղաքում տիրող իրավիճակը։ Պարզվում է՝ ոչ միայն Էկոնոմիկայի նախարարության ավտոկայանատեղին է անմխիթար վիճակում, այլեւ այլ պատկան մարմիններինը:

Փաստորեն, Հայաստանում, անընդհատ զարգացման մակարդակի բարձրացումից խոսելուն ու զարգացած երկրների օրինակը բերելուն զուգահեռ, պետական մարմինների բակերում ավտոկայանում կազմակերպվում է փողոցային մակարդակով՝ կայանման տեղերում դնելով յուղի բանկաներ, աթոռներ, քարեր ու մրգերի արկղեր։

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐ՝ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

Հուլիսի 24-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 երեխա, 7-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 76 հիվանդ, 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

ՄԻԱՑԵԼ Է «ՀԱՅԱՔՎԵ»-ԻՆ

Երեւանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը նույնպես միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը:

Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնության նպատակը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Հիշեցնենք՝ դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ

ՀՀԿ ներկայացուցիչներն հուլիսի 24-ին շրջում են Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստան եւ Ֆրանսիայի դեսապանատներով՝ նրանց հանձնելու համար ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ այդ երկրների ղեկավարներին:

ԱՄՆ դեսպանատան մոտ ՀՀԿ անդամ Հայկ Դերձյանը նշել է, որ հնարավոր չէ խոսել ժողովրդավարությունից, երբ հնարավոր չի լինում սանձել մի պետության, որը ցեղասպանության է տանում մի այլ ժողովրդի: «Հնարավոր  չէ խոսել կյանքի իրավունքից, երբ մեկ պետությունը զրկում է մեկ այլ ժողովրդի այդ իրավունքից: Ադրբեջանին պետք է ցույց տալ իր տեղը, քանզի նման իշխանություն ունեցող պետությունը չի կարող համարվել ժողովրդավարական, նման պետությունը պետք է սանձվի, հակառակ դեպքում մենք տարիներ անց խոսելու ենք նոր ցեղասպանության մասին: Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ից գործուն քայլեր: Այդ քայլերում չկա քաղաքականություն, կա կյանքի իրավունքի պաշտպանություն, հայատյացության  դեմ հստակ գործընթացներ եւ ժողովրդավարության պաշտպանություն: Հակառակ դեպքում կստացվի, որ ժողովրդավարության մասին հայտարարությունները թղթի վրա են պարզապես»,-ասաց նա:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Արցախ, Արցախ»:

ԱՄՆ դեսպանատան մոտ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի բաց նամակը հանձնվեց ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին. «Նախագահ Սարգսյանի նամակը նոր հույս, նոր հնարավորություն է բացում հայկական երկու պետությունների համար առաջին հայացքից անելանելի թվացող իրավիճակի հանգուցալուծման համար: Ցանկացած դեպքում պետք է առաջին հերթին հասկանալ, թե որն է այդ իրավիճակի ձեւավորման պատճառը: Պատճառը այսօրվա իշխանություններն են, որոնք են հասցրել բանակցային գործընթացը այս իրավիճակին: Դա մանրամասն նկարագրված է նամակում»:

 

 

 

ԿՐԿԻՆ ՆԻՍՏ ԿԱՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այս շաբաթ կրկին հավաքվելու են: Կուսակցությունը վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Ինչպես արդեն հայտնել ենք, այս օրերին իշխող ուժի համար առաջնայինը աշնանը սպասվող ավագանու ընտրություններին պատրաստվելն է. ՔՊ-ականները նիստերին Նիկոլ Փաշինյանի հետ կազմակերպչական աշխատանքների դետալներն են քննարկում՝ ինչպես իրականացնել քարոզարշավը, ովքեր են համակարգելու գործընթացը, որտեղ են շտաբները բացելու եւ այլ հարցեր: Այս բոլոր հարցերը հստակեցվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ:

 

 




Լրահոս