Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանից հատված ներկայացվում է ստորև.
Euronews –Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնո՞ւմ եք։ Այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը Ձեզ հանգիստ չի տալիս, այդպես չէ՞։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով։
Euronews – Արդյո՞ք ինչ-որ ուղերձ ունեք ուղղված մյուս կողմին, բայց ոչ թե քաղաքական առաջնորդներին, ում հանդիպում եք բանակցությունների բերումով, այլ Ադրբեջանի ժողովրդին։ Ուղերձ ունե՞ք նրանց, ովքեր հնարավոր է նայում են մեզ հենց հիմա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես կարծում եմ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի կողմից ընտրվածը, այս կողմից խոսում է այս ժողովրդի կողմից ընտրվածը։ Հետևաբար, այն՝ ինչ մենք խոսում ենք, իհարկե միջազգային հարթակ է, դա նաև ուղղված է այդ ժողովրդին, բայց եթե որևէ բան կա ասելու, կարելի է ասել այն, ինչ ես առաջին վայրկյանից ասում էի՝ ուղղված էր նաև Ադրբեջանի ժողովրդին։ Նման դեպքերում կան հերթապահ նախադասություններ՝ասում են, որ մենք երկար ժամանակ ապրել ենք այստեղ և դեռ երկար ժամանակ պետք է ապրենք, կարծում եմ բոլոր խոսքերն ասված են։ Իմիջիայլոց, կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն այդ պահանջը իրականացնելու։