Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 386 կգ (181+205) արդյունք և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Պոկում ու հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների:
Հիշեցնենք՝ Գարիկ Կարապետյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև ապրիլին Երևանում անցկացված Եվրոպայի մեծահասակների առաջնությունում՝ երկամարտի 392 կգ արդյունքով:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Մ20 տարեկանների պայքարում մրցահարթակ դուրս կգա Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ), իսկ Մ23 տարեկանների պայքարում մեդալների համար կպայքարեն Լիանա Գյուրջյանը (87 կգ), Պետրոս Պետրոսյանը և Յաշա Մինասյանը (109 կգ):
Հիշեցնենք՝ Մ23 տարեկանների պայքարում ավելի վաղ երկամարտի ոսկե մեդալներին արժանացել են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ), իսկ Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Մինչև 20 տարեկանների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Սուրեն Գրիգորյանը (89 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: