ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա. Գ.-ի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վերջինիս նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում է կայացվել 2023 թվականի հուլիսի 3-ին՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ա. Գ.-ն խուսափել է քրեական վարույթին մասնակցելուց: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ, 2018 թվականի մայիսի 4-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, որում չի ներառել՝ թաքցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերը, մասնավորապես՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլս և Գլենդեյլ թաղամասերում 2011 և 2015 թթ. համապատասխանաբար 490.000 ու 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած բնակարանները, ինչպես նաև 2016թ. 475.000 ԱՄՆ դոլարով Վելլի Վիլիջ թաղամասում գնած բնակարանն ու 2017թ. «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:
2019թ. փետրվարի 7-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան և պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Ա. Գ.-ն դարձյալ չի ներառել՝ թաքցրել է վերը նշված անշարժ գույքերը և «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ տվյալները:
Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն 2019 թ. ապօրինի հարստացել է, այն է՝ վերջինս հիշյալ ժամանակահատվածի համար որպես օրինական եկամուտ հայտարարագրել է 114.660 ՀՀ դրամ, սակայն նրա կողմից նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը կազմել են ավելի քան 24 մլն ՀՀ դրամ, ինչն էականորեն գերազանցել է Ա. Գ.-ի կողմից որպես օրինական եկամուտ հայտարարագրված գումարը, և ավելացված գումարը ողջամտորեն չի հիմնավորվում դրանով:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում Ա. Գ.-ն (2009-2012թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար) 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր՝ 9.048.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա՝ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող 2000 քմ հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին դարձյալ ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր արժեքով՝ 15.834.000 ՀՀ դրամով նույն համայնքում ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող մեկ այլ՝ 3500 քմ հողամասը: Այնուհետև Ա. Գ.-ն հիշյալ երկու հողամասերը 2018 թ. օտարել է համապատասխանաբար 176.346.000 և 308.654.000 ՀՀ դրամով:
Միաժամանակ Ա. Գ.-ն 2012-ից 2018 թթ. ընթացքում կատարել է ստացած օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ, ընդհանուր՝ 90.333.097 ՀՀ դրամ գումարի ծախս, իսկ 2015 թ. տարեկան հայտարարագրում որպես տարեսկզբում առկա գումար հայտարարագրել է 720.000 ԱՄՆ դոլար, 2017թ. տարեվերջին՝ 660.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2015-2017 թթ. ընթացքում Ա. Գ.-ի կողմից ԱՄՆ-ում գրանցված իր բանկային հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967.700 ԱՄՆ դոլար, ինչը 247.700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720.000 ԱՄՆ դոլարը: Այսինքն՝ անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա. Գ.-ն կատարել 247.700 ԱՄՆ դոլարի փոխանցումը:
Վերը նկարագրված հանցավոր գործողությունների և ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա. Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ՝ 2012-2019թթ. ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանի վերը նշված ընդհանուր 1 մլն 485 հազ. ԱՄՆ դոլար արժեքով երեք բնակարանները, ինչպես նաև 2019 թ.Գլենդեյլում 1 մլն 525 հազ. ԱՄՆ դոլարով գնած առանձնատունը:
Ա. Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Լուսանկարը՝ Հետքի։