Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 20:00-ին, տեղի ունեցան  համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում:

 

Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կամրջեցին երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները եւ վերահաստատելու մեր միասնական պայքարը:

Հանրահավաքի ժամանակ պահանջներ ներկայացվեցին Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը:

Մինչ հանրահավաքը «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին զրուցել է Սոֆիա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ սպասելիքներ ունեն հանրահավաքից։

-Տիկի՛ն Հովսեփյան, Դուք մասնակցելու՞ եք հանրահավաքին, եւ եթե այո, ի՞նչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք դրանից։

-Ես, իհարկե, մասնակցելու եմ այսօրվա հանրահավաքին եւ ակնկալում եմ, որ վերջապես պետք է Արցախի կառավորությունը կոնկրետ պահանջներ ներկայացնի Հայաստանի կառավարությանը եւ ոչ թե դա ակնկալի աշխարհից։ Վերջնարդյունքում, նախ, Հայաստանի իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի Արցախի այսօրվա կարգավիճակի համար, որից հետո աշխարից որեւէ ակնկալիք ունենա, որ անընդհատ ապտակ չուտենք, որ մեր իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

-Հանրահավաքի ընթացում կոնկրետ ի՞նչ պահանջներ են ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին եւ միջազգային դերակատարներին:

-Հույս ունեմ, որ այսօր քաղաքական պահանջներ կներկայացվեն, եւ միեւնույն ժամանակ մարդիկ համախմբված կմասնակցեն հարահավաքին։

Ես տեղեկություն չունեմ, թե կենկրետ ինչ է նախատեսվում պահանջել Նիկոլ Փաշինյանից, բայց կարծում եմ, որ պահանջը մեկն է՝ որ որեւէ կերպ իրեն իրավունք չվերապահի Արցախի եւ Հայաստանի ժողովրդի փոխարեն որոշել Արցախի ճակատագիրը։ Եվ, առհասարակ, Փաշինյանը լեգիտիմ չի համարվում նմանատիպ հարցեր կարգավորելու առումով։ Փաստացի նա հանձնում է ամբողջ Հայաստանը եւ միեւնույն ժամանակ Արցախը։ Նա չի կարող անգամ պահանջել նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերի կատարումը, հակառակը՝ նորից նոր պայմանագրեր ու հայտարարություններ է ստորագրում, որոնք չարիք են դառնալու հայ ժողովրդի համար։

-Տիկի՛ն Հովսեփյան, ի՞նչ եք կարծում, նման հանրահավաքներով հնարավո՞ր է հասնել ցանկալի արդյունքի:

-Կարծում եմ, որ նման հանրահավաքները կտան իրենց ցանկալի արդյունքը, եւ պետք է համախմբվել, ուժ դառնալ եւ միանշանակ լուծել այս խնդիրը։ Ցանկալի արդյունքը վերջնական լուծումն է, եւ դա կարող է լինել բացառապես համախմբման դեպքում։

Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

 

 

 

 

ԿՄԻՋԱՄՏԻ՞ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ

«Ես չեմ ցանկանում նման սցենար ընդհանրապես քննարկել, որովհետեւ իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն»,- մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե Լեռնային Ղարաբաղում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, որն է լինելու ՀՀ-ի գործողությունը, արդյոք մենք ռազմական միջամտություն կցուցաբերենք, թե կսահմանափակվենք դիվանագիտական աշխատանքով՝ հաշվի առնելով, որ, վարչապետի խոսքով, «քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանականությունը շատ մեծ է»:

 

«Իմ այսօրվա ասելիքի հիմնական ուղերձը դա էր: Դուք մեջբերում եք իմ ասածից, որ քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանակությունը շատ մեծ է… Սա ֆիքսենք, եւ, մյուս կողմից, հարցը, որ կա շարժում, որ ՀՀ վարչապետին արգելենք խաղաղության պայմանագիր ստորագրի: Այս երկու հասկացությունների բալանսն էլ եմ ուզում, որ հասկանանք: Բայց, ընդհանուր առմամբ, եղել են դեպքեր, չեմ ուզում շատ վատ օրինակներ բերել, հազար ներողություն՝ ոչ մի կոնկրետ զուգահեռ ի նկատի չունենալով: Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ մենք ստորագրենք խաղաղության այնպիսի պայմանագիր, որը կապահովի խաղաղություն կամ ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա: Հակառակ դեպքում վաղուց ստորագրել էինք խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու, թե որքանով է ապահովվում խաղաղությունը: Եթե նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը պայմաններ է ստեղծելու, որ մեկ կամ երկու տարի խաղաղություն լինի, դա էլ ճիշտ տարբերակ չի: Չնայած, մյուս կողմից, պետք է հետեւյալն արձանագրել. ոչ միայն հենց բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլեւ դրա իրականացումը, դրա իրականացման մեխանիզմները եւ… ցանկացած պայմանագիր ունենում է տարընթերցումներ, տարընթերցումների հասցեագրման հստակ մեխանիզմների գոյությունը, այդ դեպքում կապահովի խաղաղությունը: Եւ, ի վերջո, նույնիսկ այդ պարագայում կարող է չապահովվել խաղաղություն: Որովհետեւ եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ, որովհետեւ այդ ատելության մթնոլորտում այդ խաղաղության պայմանագիրը կարող է չգործել: Իմ այսօրվա ասելիքի նրբությունը ո՞րն է. որ ոչ միայն սա ֆիքսենք, այլեւ փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել այդ հարցերը լուծելու հաար: Ոչ թե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ, մեկ է, ոչինչ չի ստացվի, եկե՛ք ոչ մի բան չանենք, այլ մաքսիմալը անենք եւ հավատանք, որ կարող ենք այդ արդյունքին հասնել, որ այդ աշխատանքն անիմաստ չլինի, եւ, այսպես ասած, խորհրդավոր չլինի, դավադրական չլինի: Խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է պատերազմի հավանականությունը»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՓՆՏՐՈՒՄ

Բազմիցս գրվել է, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանի ու  թիմակիցների շփումները դարձել են խիստ ձեւական եւ սառը: Շատերը նույնիսկ խուսափում են աշխատանքային կապեր պահպանել վերջինիս հետ՝ վախենալով, որ այն կարող է վատ հետեւանքներ ունենալ իրենց համար: Իշխանության վերին էշելոններում համառորեն լուրեր են պտտվում, որ առկա են որոշակի տեղեկություններ, համաձայն որոնց՝ Թորոսյանի՝ նախարար աշխատած ժամանակ, ամենայն հավանականությամբ, covid 19-ի ֆինանսական հոսքերից բավական պատկառելի գումար է մսխվել, ապա դրա զգալի մասը դուրս է բերվել երկրից՝ ներդրվելով առողջապահական բիզնեսում: Մեզ փոխանցեցին, որ Թորոսյանի նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի կալանավորումը եւ Քովիդի գործով ուժայինների ակտիվությունը հենց այս գործի շրջանակներում էր: Թե որքանով են տվյալ լուրերը հավաստի, ու թե ինչքանով է Թորոսյանն ուղղակի կամ անուղղակի առնչվում այս ամենին, դժվար է ասել: Արսեն Թորոսյանի հետ ժամանակին մտերմիկ հարաբերություններ ունեցած անձանցից մեկը մեզ փոխանցեց, որ նրա երազանքն է լքել երկիրը ու աշխատանքի անցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Ըստ նույն աղբյուրի՝ Թորոսյանը հիմա ամեն ինչ անում է, որ դուր գա ԱՀԿ-ի բարձր ղեկավարությանը, նույնիսկ իր քայլերը տարբեր ճանապարհներով փորձում է հասցնել  ԱՀԿ գլխադասային գրասենյակ. չի բացառվում, որ նրա քայլերը նույնիսկ ուղղորդված են դրսից:  Ըստ այդմ՝ ստացվում է, որ, հանուն սեփական կարիերայի կամ սեփական անվտանգության ապահովման, Թորոսյանը կարող է անել քայլեր, որոնք չեն բխում  ՀՀ շահերից:  Իսկ թե որտեղ կհայտնվի Թորոսյանը եւ երբ, ցույց կտա ժամանակը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

 

 

 

Ո՞ՒՐ Է ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջին շրջանում ամեն պատեհ-անպատեհ առիթի դեպքում նույն վտանգավոր հայտարարությունն է անում, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 ք/կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը: Միրզոյանն առաջին անգամ նման հայտարարություն է արել հուլիսի 20-ին՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստի ժամանակ, հետո կրկնել է իր այս հայտարարությունը: Ի դեպ, Արարատ Միրզոյանը նման հայտարարություն է անում ողջ հայ հանրության անունից՝ չնայած նրան, որ Հայաստանի քաղաքացիները բազմիցս հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ որեւէ դեպքում չեն պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում: Այս ֆոնին թերեւս տարօրինակ է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի քար լռությունը, որը ոչ մի կերպ չի փորձում արձագանքել Արարատ Միրզոյանի վտանգավոր հայտարարություններին: Անհասկանալի է, թե Արցախի համար այս բախտորոշ փուլում ուր է կորել ու ինչու է լռում ամենակարեւոր կառույցներից մեկի պատասխանատուն՝ արտգործնախարարը. տպավորություն է՝ անհետացել է նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 




Լրահոս