Կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ կայացել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի խորհրդի արտահերթ նիստը:

Օրակարգի գլխավոր հարցը տեսչական մարմնի խորհրդի ղեկավարի թեկնածության առաջադրումն էր: Խորհուրդը ներկայացրել է Սլավիկ Սարգսյանի թեկնածությունը, ով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն էր և 2022 թվականի նոյեմբերից ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

6 ամսվա աշխատանքների մասին ամփոփ հաշվետվությունը լսելուց հետո, Սլավիկ Սարգսյանի բացակայությամբ, նորից մանրամասն քննարկվել է նրա թեկնածությունը, որից հետո խորհուրդը միաձայն որոշում է կայացրել վարչապետին ներկայացնել Սլավիկ Սարգսյանի Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու թեկնածությունը:

«Ցանկացած օրենք, որոշում որքան էլ որ ընդունելի լինի հասարակության կողմից, լայն կիրառություն չի ստանա ու լավ արդյունք չի տա, եթե չկա բավարար վերահսկողություն: Ուստի շատ կարևոր է տեսչական մարմնի տեղին և ադեկվատ վերահսկողությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ու Սլավիկ Սարգսյանին հորդորել մեկ ամսվա ընթացքում գրավոր քարտեզագրել ու տեսչական մարմնի խորհրդին ներկայացնել առաջիկա անելիքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հուլիսի 11-ին ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Կառավարությանը ենթակա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից:
Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:

Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո, ի վերջո, այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից հինգ ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը:

Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին «հսկելու» գործառույթը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը տեսչական մարմիններում ղեկավար գտնելու «առաքելությունը» վստահել է իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ վերջինս էլ չի կարողանում մարդ գտնել այդ պաշտոններում առաջադրելու համար:

Բանն այն է, որ շատերը ոչ մի ցանկություն չունեն աշխատելու Հարությունյանի, առավել եւս՝ այս իշխանության հետ:

Ու նման կարեւոր մարմիններում «բարդակ» վիճակ է. ո՛չ տեր կա, ո՛չ էլ վերահսկող: Կարեւորը ամեն ամիս պարտաճանաչ աշխատավարձ ու պրեմիաներ են ստանում:

Ու սա վերաբերում է բոլոր նման կառույցներին, որտեղ ամիսներով ղեկավար չեն նշանակում, իսկ նշանակելու դեպքում նշանակվածները «ձգում են» առավելագույնը մեկ տարի:
Տեսնենք, թե, ի վերջո, երբ Հարությունյանին կհաջողվի մեկ անձ գտնել այդ պաշտոնում նշանակելու համար:




Լրահոս