Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։ «Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջև ձևավորված ամուր համագործակցությունը:
Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ է Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի և ծրագրային աջակցության, մարդու իրավունքների տարբեր ոլորտների պաշտպանության, հատկապես ատելության խոսքի, խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների խթանման ուղղությամբ»,- նշել է Պաշտպանը:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու հետ կապված հարցեր: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է միջազգային հանրության արձագանքի և քայլերի ձեռնարկման կարևորությունը, նաև ԵՄ տարբեր հաստատությունների և պաշտոնատար անձանց շրջանում: Անդրեա Վիկտորինը ևս շնորհակալություն է հայտնել կառուցողական աշխատանքի համար և մաղթել կայուն զարգացում»,- ասված է հաղորդագրության մեջ: