Գեղարքունիքի մարզում դպրոցի փոխտնօրենը խարդախությամբ 800.000 ԱՄՆ դոլար է յուրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենն առերևույթ կատարել է բազմաթիվ խարդախություններ, որոնց վերաբերյալ հաղորդումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, 2023 թվականի հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում վեց քաղաքացի հաղորդում են ներկայացրել այն մասին, որ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, վկայակոչելով իր եղբոր քաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ հավաստիացրել է, թե վերջինս, իբր, բանկ է հիմնադրել և ավանդ ներդնելու դեպքում ամսական ավանդի 30 տոկոսի չափով գումար է վերադարձնելու ավանդատուներին։

«Այդ կերպ նշված անձը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար գումարներ և չի վերադարձրել։ Ըստ այդ տվյալների՝ քաղաքացիների կողմից տրամադրված գումարների չափը կազմում է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, տվյալներ են ստացվել Ն.Ա.-ի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու այլ դեպքերի մասին ևս:

Մասնավորապես, երկու քաղաքացի հաղորդումներ են տվել այն մասին, որ նույն անձը 2022 և 2023թթ. ընթացքում խոշոր չափերի հասնող (մի դեպքում՝ 1 200 000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 15 000 ԱՄՆ դոլար) գումարներ է պարտքով վերցրել իրենցից՝ մի քանի օր անց վերադարձնելու խոստումով, մինչդեռ ամիսներ անց էլ այդ գումարները չեն ստացել։

Առկա տվյալների և հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խոշոր չափով խարդախություն) հատկանիշներով նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ քրեական վարույթում:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը պարզելու, դպրոցի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանությանը տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:




Լրահոս