ArmLur.am-ը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ զրուցել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:
-Ի՞նչ իրավիճակ է այժմ Արցախում, տիկի՛ն Հակոբյան:
-Իրավիճակը ընդհանուր առմամբ պարզապես հնարավոր չէ հստակ ներկայացնել, քանի որ շատ արագ փոփոխություն է տեղի ունենում եւ դեպի վատը: Ընդամենը րոպեների ընթացքում տեղի են ունենում անասելի փոփոխություններ: Կոնկրետ հումանիտար առումով, ես չգիտեմ, սրանից ծանր էլ ինչ պիտի լինի: Արդեն կան ընտանիքներ, որոնցից մեկը նաեւ իմ ընտանիքն է, որոնք հաց գնել են երկու օր առաջ: Այսինքն՝ մենք ամենաքիչը հացի խնդիր ունենք՝ կապված վառելիքի հետ, եղանակային պայմանների հետ. ցորենը չի հասցրել չորանա: Բավական մեծ թվով արտադրամասեր փակվել են ալյուր չունենալու պատճառով: Կոնկրետ այն փողոցը, որտեղ ես եմ ապրում, այստեղ հացի ընդամենը մեկ արտադրամաս կա, որը երեկ երեկոյան արդեն չէր աշխատում: Փաստորեն, մի ամբողջ մեծ թաղամաս հաց գնելու հնարավորություն արդեն չունի: Մնացած ապրանքների մասին խոսելն արդեն անիմաստ է, եւ չենք էլ խոսում, որովհետեւ պարզապես չկա: Չկա կաթնամթերք, բանջարեղեն կարելի է հանդիպել հազվադեպ, այն էլ՝ շատ բարձր գնով՝ կապված եղանակային պայմանների եւ մի շարք այլ խնդիրների հետ: Բնակչության մեծ մասը դա ձեռք բերել պարզապես ի զորու չէ: Մենք անհասկանալի ձեւով դեռեւս գոյատեւում ենք: Կարծում եմ՝ սա նաեւ փոխօգության գործոնի առկայությունն է: Ցավոք, ես ինքս ականատես եմ եղել, որ մարդիկ մեկ հացը բաժանել են երկու եվ ավելի անձանց միջեւ, պարզապես որպեսզի երեխաները ունենան հնարավորություն տանը մի կտոր հաց ուտելու: Առողջապահությունը ամենավատ վիճակում է գտնվում: Դեղատների մեծ մասն արդեն իսկ դատարկ է:
Առաջին անհրաժեշտության դեղորայքը՝ հակաբորբոքայիններ, ջերմիջեցնողներ եւ այլն, ուղղակի բացակայում են, չկան:
-Տիկի՛ն Հակոբյան, իսկ հումանիտար բեռների մասին ի՞նչ կասեք, որոնք ուղարկվել են Արցախ. ադրբեջանական կողմը չի թողնում՝ Կոռնիձորից առաջ անցնեն բեռները:
-Մենք քանի որ ֆիզիկապես այդ ամենը տեսնելու հնարավորություն չունենք, մենք էլ ենք մամուլից տեղեկանում, թե ինչ է կատարվում, եւ որ այսօր եւս երկու մեքենա է միացել շարասյանը, բայց տեսնելով Ադրբեջանի դիրքորոշումը՝ հասկանալի է դառնում, որ նրանք, միեւնույնն է, չեն թողնելու, որ այս ամենը մուտք գործի Արցախ:
-Տիկի՛ն Հակոբյան, ադրբեջանական կողմը արդեն երկրորդ անգամ քաղաքացու է առեւանգում:
-Այդ ուղղությամբ առավել ակտիվ աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանը, որի հետ ես անընդհատ կապի մեջ եմ. ահռելի աշխատանք է կատարում եւ անընդհատ կապի մեջ է թե՛ միջազգային կառույցների հետ եւ թե՛ հայաստանյան շահագրգիռ կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ, իր իսկ հավաստմամբ, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի հետ: Երեկ ես կոնկրետ մի հարցադրումով եմ խոսել իր հետ. արդյոք վստա՞հ են, որ Վագիֆ Խաչատրյանը կենդանի է: Ինձ մոտ առաջին հարցը, որ առաջացել է, եղել է՝ կապված այն հանգամանքով, որ այն ախտորոշումը, որը տրված էր նրան, բավականին լուրջ էր, եւ այդ ամենը մինչեւ Բաքու է հասել:
Զրուցեց Քրիստինա Մուշեղյանը