35 վարույթ, 86,2 մլն դրամի չափով տուգանք․ զեղչերն իրական են, թե՞ ոչ․ ուսումնասիրության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի եւ այլ ակցիաների համար «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին: Այս մասին տեղեկացրել են ՄՊՀ միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանցքային նորամուծություններից մեկն այն էր, որ օրենքով հստակ պահանջ սահմանվեց՝ ապրանքի գնի նվազեցումը պետք է իրականացվի նախորդ ամսվա վաճառքի միջին գնից: Կարգավորումը նպատակ ուներ բացառել մոլորեցնող զեղչերը, երբ օրինակ՝ տնտեսավարողները զեղչ հայտարարելուց մեկ-երկու օր առաջ բարձրացնում են ապրանքների գները, այնուհետեւ զեղչը հաշվարկում այդ բարձր գնից

ՄՊՀ-ն մեկ տարվա ընթացքում շուրջ 80 ակցիաների ուսումնասիրության արդյունքում հարուցել է 35 վարույթ: Դրանցից 34-ն արդեն ավարտվել է, որոնցով պատասխանող տնտեսավարողներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը: Ընդունված որոշումների արդյունքում տնտեսավարողների նկատմամբ ընդհանուր կիրառվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք եւ 15 նախազգուշացում։

«Սկզբնական շրջանում հանձնաժողովը զերծ է մնացել կոշտ վերահսկողական միջոցառումներից եւ առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, միաժամանակ նախաձեռնել է տարբեր ձեւաչափերով ակտիվ իրազեկման միջոցառումներ: Ըստ դիտարկումների՝ խախտումներն էականորեն նվազել են, եւ զեղչերն այժմ առավել իրատեսական են: Դրական է նաեւ այն փաստը, որ իրավախախտումներ թույլ տված տնտեսավարողների մեծ մասն ընդունել է խախտումը: Այնուամենայնիվ, ակցիաների միջոցով հասարակությանը մոլորեցնելու փորձերը դեռեւս եզակի չեն, ուստի ՄՊՀ-ն շարունակելու է խոշորացույցի տակ պահել ոլորտը»,-նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Տնտեսավարողների համար՝

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար սահմանված կարգավորումների վերաբերյալ առավել մատչելի տեղեկատվությունը՝ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներով, հասանելի է հանձնաժողովի կայքում հետեւյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն՝ ընդհուպ մինչեւ տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսի չափով տուգանք:

Սպառողների համար՝

Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ խախտումների մասին հաղորդումներ կարող եք ներկայացնել թղթային եղանակով, էլեկտրոնային փոստով [email protected] , ինչպես նաեւ առցանց` www.competition.am կայքի միջոցով:




Լրահոս