Դատավորների ժողովից առաջ գործընթաց է սկսվել. ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկա բացակա է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ օգոստոսի 4-ին, կայանալու է դատավորների ժողովը։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժողովից առաջ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը շրջաբերական է ուղարկել բոլոր դատարանների նախագահներին եւ տեղեկություն պահանջել իրեն հայտնել, թե որ դատավորներն են գտնվում արձակուրդի մեջ, ովքեր են աշխատանքի գալիս եւ, առհասարակ, արձակուրդում գտնվողները արդյոք երկրում են, թե` ոչ :

Իսկ հիմա ամենակարևորի մասին:
Ինչ նպատակ է հետապնդում այս ամենով ԲԴԽ նախագահը: Բանն այն է, որ դատավորների զգալի մասը որոշել է բոյկոտել եւ չգնալ օգոստոսի 4-ին նշանակված նիստին: Արդյունքում, Կարեն Անդրեասյանն այս ճշտումներ անում է մեկ նպատակով, որպեսզի պարզի, եթե կան դատավորներ, որոնք հարգելի պատճառով չեն ներկայացել դատավորների ժողովին, ապա նրանց սպասվում են կարգապահական վարույթներն ու դրանից բխող հետեւանքները: Ստացվում է, որ դատավորները հայտնվել են երկու քարի արանքում կամ պետք է ներկայանան կամ նրանց լավ բաներ չեն սպասվում:

Դիմեցինք ԲԴԽ լրատվական բաժին տեղեկությունը պարզելու համար, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ գործընթացը օրինական է և դատական դեպարտամենը դատավորների ժողովից առաջ մշտապես իրականացնում է այդ գործընթացը:

Հիշեցնենք, որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ Դատավորները պատրաստվում են բոյկոտի, իսկ թե բոյկոտը ինչ կերպ կդրսեւորվի, դատավորները դեռ թեժ քննարկում են: Բանն այն է, որ հուլիսի 19-ին դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Հաջորդ ժողովը նշանակվել է օգոստոսի 4-ին: Իսկ ինչո՞ւ էր նիստը հետաձգվել: Բանն այն է, որ դատավորներն ընդհանուր ժողով էին հրավիրել՝ ընտրելու Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի: ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք էր առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցագրեր են ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեեւ ԲԴԽ անդամ ընտրվելու չափանիշին համապատասխանում են նաեւ այլ դատավորներ։

Եւ, ահա, այս հանգամանքն էլ դատավորները բարձրաձայնեցին, ու օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Տպավորություն էր, որ այս ամենից հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պետք է կազմակերպեր պատշաճ ծանուցում բոլոր այն դատարաններին ու դատավորներին, որոնք համապատասխանում են ԲԴԽ անդամ դառնալու չափանիշներին, սակայն իրավիճակը չի փոխվել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի հանձնվում ու ծանուցել է միայն մարզերի դատավորներին։ Արդյունքում դատավորները որոշել են բոյկոտել, իսկ թե ինչ կանեն, կհետեւենք զարգացումներին։

Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին, սակայն անգամ այս հարցը Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի թեթեւ ձեռքով։

Քնար Մանուկյան




Լրահոս