ՍԱՀՄԱՆՎԵՑԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՊԼԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

 

Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաեւ աշնանային, ձմեռային եւ գարնանային արձակուրդներին:

Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տեւողությունը 34-40 շաբաթ է: Մասնագիտական առանձնահատկություններով եւ շենքային պայմաններով պայմանավորված՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների եւ դասաժամերի քանակն ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` կախված դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձեւերն են անհատական եւ խմբային պարապմունքները: Անհատական դասի տեւողությունը՝ 45, խմբայինը 40 րոպե է:

Դպրոցի սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով կազմակերպվող տարբերակված ստուգարքներով եւ քննություններով: Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով: Դպրոցի եւ սովորողի ծնողի փոխադարձ համաձայնությամբ սովորողի անհատական պարապմունքների՝ անընդմեջ մինչեւ 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ դպրոցի առաջարկած ժամանակացույցի համաձայն:

Դրսեկության ձեւով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների եւ քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման եւ լիազոր մարմնի թույլտվության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած եւ ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70% հաճախում ունեցած սովորողներին: Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաեւ ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն:

Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն եւ ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է սկսել 3 սովորողից: Լիազոր մարմնի որոշմամբ՝ դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:

 

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատեց Երեւանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախագիծը զեկուցելիս մանրամասնեց՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար հարկավոր է որոշում ընդունել։ Այսպիսով, նախագծի համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հրավիրում է Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսին: ԿԸՀ նախագահը չբացառեց, որ առաջիկայում եւս մեկ միջազգային կազմակերպություն հրավիրվի դիտորդական առաքելություն իրականացնելու։

Հանձնաժողովը փոփոխություն կատարեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N 209-ն» որոշման մեջ, որը սահմանում է ԱԺ եւ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցությունների գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը։

Նախագիծը ներկայացնող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա կուսակցություններին ներբեռնել ձեւաթուղթը,  որով  ներկայացնում են գույքի եւ եկամուտների հայտարարագիր, եւ վերջիններս իրենց տվյալները լրացնելուց հետո կկարողանան վերբեռնել ֆայլերը ԿԸՀ կայքում։ Եւ այլեւս կարիք չի լինի այդ հաշվետվությունը գրավոր եղանակով ներկայացնել ԿԸՀ։

ԿԸՀ նախագահը հավելեց՝ առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցությունները կհրավիրվեն հանձնաժողով, որպեսզի ներդրված էլեկտրոնային նոր համակարգերը մանրամասն ներկայացվեն իրենց։

Փոփոխություն կատարվեց նաեւ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի N 23-ն» որոշման մեջ։ Այս որոշումն էլ վերաբերում  է թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագիր  ներկայացնելուն։ Կուսակցությունները վերոնշյալ էլեկտրոնային համակարգերի միջոցով հնարավորություն կստանան վերբեռնել թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը եւ ազատվել այդ հաշվետվությունն էլեկտրոնային կրիչի միջոցով ԿԸՀ ներկայացնելու պարտավորությունից։

 

 

 

ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ՓԱԿՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը վերջին օրերին ահազանգեր է ստանում Վարդենիսից, որ «Հայբիզնեսբանկի» Վարդենիսի մասնաճյուղը փակվելու է եւ տեղափոխվելու է Մարտունի, ինչն առաջացրել է տվյալ մասնաճյուղի հաճախորդների զայրույթն ու բողոքը:

Մեզ ահազանգած քաղաքացիները մասնավորապես անհանգստություններ էին հայտնում, որ վարկեր ու գրավադրված ոսկիներ ունեն այդ մասնաճյուղում ու հիմա չգիտեն՝ ճակատագիրն ինչ է լինելու, ինչպես պետք է վճարումներ կատարեն:

Վարդենիսի մասնաճյուղի փակումը մի շարք անհարմարություններ է պատճառելու տեղացիներին. ստացվում է՝ բանկի ծառայություններից օգտվելու համար պետք է Վարդենիսից ամեն օր հասնեն Մարտունի: Մեզ նաեւ պատմեցին, որ բանկի աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել. ստացվում է՝ մասնաճյուղի փակումը նաեւ գործազրկության խնդիր է առաջացնելու:

«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեց «Հայբիզնեսբանկի» կենտրոնական մասնաճյուղ, որտեղից ասացին, որ հեռախոսով չեն կարող մեկնաբանություն տալ, պետք է գրավոր հարցում ուղարկենք: Բանկի պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք այն:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻՆ

Հուլիսի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ բացառություն կկազմեն 75 տարին լրացած, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը եւ ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, որոնք, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

Հետեւաբար եթե նպաստը ստանում էիք Հայփոստի որեւէ սպասարկման կենտրոնից եւ մինչեւ հունիսի 30-ը չեք ընտրել որեւէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում կարող եք զանգահարել Զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն եւ տեղեկանալ, թե որ բանկն է ձեզ սպասարկում։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաեւ, որ ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն նպաստը վճարող բանկը փոխելու համար։

Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետեւյալ բանկերից որեւէ մեկը՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ, «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» եւ «Ակբա» բանկ։

 




Լրահոս