ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ՝ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Սպորտի ետնաբեմից» խորագրով շարքի շրջանակներում այս անգամ զրուցել է 2023 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն Վազգեն Թեւանյանի հետ: Մարզիկը մեզ հետ զրույցում պատմել է տպավորիչ գոտեմարտերի, առանձնացող հաղթանակների, պայքարի մղող պարտությունների, հայկական ըմշամարտի տեսլականի մասին:

 

-Գիտեմ, որ հետաքրքիր կերպով են ընտրել Ձեր անունը: Կխնդրեմ՝ մեր հետեւորդների համար պատմեք՝ ինչպես է ստացվել, որ Ձեզ հենց Վազգեն են անվանակոչել:

-Իմ անունը հայրս ու հորեղբայրս են ընտրել: Ծնվել եմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, եւ հենց այդ օրվա դեպքերի, իրադարձությունների հետ կապված՝ ինձ անվանակոչել են Վազգեն՝ ի պատիվ Վազգեն Սարգսյանի:

-Սպարապետի ուժը զգո՞ւմ եք Ձեզ վրա:

-Որպես մարզիկ՝ դա մի հարց է, որպես հայ՝ այլ: Կարծում եմ՝ մեր բոլոր ազգային հերոսների, սպարապետների ուժը ցանկացած հայ իր վրա պետք է զգա, որովհետեւ մենք իրենց հետնորդներն ենք եւ պետք է անպայման իմանանք՝ ինչքան ուժեղ ու հզոր սպարապետներ ենք ունեցել:

-Դուք 1994 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1995 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, 1996 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ինչպես նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի հորաքրոջ թոռն եք: Արդյոք նա ինչ-որ կապ ունեցե՞լ է Ձեր՝ սպորտում հայտնվելու հետ:

-Ճիշտն ասած, ո՛չ, այդքան էլ կապված չէ նրա հետ բարեկամական հարաբերություններ ունենալու հետ: Սակայն մորեղբայրս, երբ իմացել է՝ ես գնում եմ սպորտի, միշտ աջակցել է, կողքիս է եղել, խորհուրդներով օգնել է: Իմ հաջողություններով միշտ ուրախացել է, ու կապի մեջ ենք եղել անընդհատ:

-Իսկ ինչպե՞ս է Վազգեն Թեւանյանը մուտք գործել սպորտ:

-Սպորտով մանկուց եմ զբաղվել: Ոչ թե կոնկրետ մարզաձեւով, այլ ընդհանուր: Իսկ կոնկրետ ըմբշամարտով սկսել եմ զբաղվել ընկերերիս խորհրդով: Տարիքով ավելի մեծ ընկերներ ունեի, որոնք ավելի վաղ ժամանակից զբաղվում էին ըմբշամարտով, եւ իրենց խորհրդով սկսեցի զբաղվել:

-Իսկ հենց սկզբից ազա՞տ ոճի ըմբշամարտով եք զբաղվել, թե՞ հունահռոմեական:

-Միանգամից ազատ ոճով:

-Ո՞րն է տարբերությունը հունահռոմեականի եւ ազատ ոճի ըմբշամարտի միջեւ, եւ, ըստ Ձեզ, ո՞րն է ավելի դժվար:

-Հունահռոմեական ըմբշամարտը միայն գոտկատեղից վերեւ է, իսկ ազատը՝ հնարավորություն ունես հնարքներ կիրառելու նաեւ ոտքերից: Իմ կարծիքով՝ երկուսն էլ դժվար է յուրովի. մեզ դժվար է ամեն տեղից պաշտպանվելը, ամեն տեղից հնարքներ սպասելը: Հունահռոմեականներին էլ դժվար է ոտքերին չդիպչելը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

«Այս օրհասական ժամանակներում մեր  ժողովուրդը պետք է միասնական մի բռունցք դառնա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը՝ անդրադառնալով Արցախում առկա ծանր իրավիճակին:

«Մենք պետք է մոռանանք մեր անձնական շահերը եւ միավորվենք Արցախը փրկելու շուրջ: Այսօր հայ ժողովուրդը կանգնած է պատմական ծանր օրերի առաջ, եւ այս վիճակից մեզ միայն կհանի, երբ բոլորս կհամախմբվենք. մեզ պակասում է միավորումը: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին մի բռունցք դառնալ, համախմբվել եւ փրկել երկիրը կործանումից»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախը հայտարարել է աղետի գոտի:  Հուլիսի 25-ին՝ ժամը 20։00-ին, տեղի ունեցան համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում՝ հանուն Արցախի ապաշրջափակման եւ հումանիտար աղետի վերացման, հանուն արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման եւ դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՄԱԽՄԲՎԵԼ Է ՊԵՏՔ

Երեկ՝ ժամը 20։00-ին, տեղի ունեցան համաժամանակյա հանրահավաքներ Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում՝ հանուն Արցախի ապաշրջափակման եւ հումանիտար աղետի վերացման։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռաֆայել Երանոսյանի հետ Արցախի շրջափակման եւ հանրահավաքի մասին։

-Արցախն արդեն 7 ամիս է՝ շրջափակման մեջ է։ Կասե՞ք՝ ինչ եք զգում:

-Ես այսքան վատ եւ անելանելի վիճակում ինձ չեմ զգացել։ Երեխաները սոված են, մարդիկ անելանելի վիճակում են։ Ո՛չ տրամադրություն կա, ո՛չ սիրտ կա։ Ես, լինելով ստեղծագործ մարդ, ոչ մի բանի հավես չունեմ։

-Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է լուծվի այս հարցը:

-Չգիտեմ։ Ուղղակի պետք է համախմբվել, որ այս վիճակից դուրս գանք։

 -Մասնակցելո՞ւ եք այսօրվա հանրահավաքին:

-Այսօրվա հանրահավաքին դժվար թե մասնակցեմ, որովհետեւ այդ ժամին ներկայացում ունեմ։

Հիշեցնենք, որ երեկ դերասան, հումորիստ, շոումեն Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն էր։ Նա տոնում էր 42-ամյակը։

 Զրուցեց ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

 

 

 

 

ՄՈՏ Է ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է իտալական «Լացիո» տեղափոխվելուն: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Իտալական «Լացիո»-ն պաշտոնական առաջարկով դիմել է Մոսկվայի «Դինամո»-ին: Հռոմեական թիմը պատրաստ է Զախարյանի համար վճարել 10 միլիոն եվրո, հետագայում՝  բոնուսային  եւս 4 միլիոն եվրո։ Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականը: 2021 թվականին Զախարյանը նորամուտն է նշել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում եւ մինչ օրս անցկացրել է 4 հանդիպում:

 

 

 

ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ «ԻՆՏԵՐ»-ՈՒՄ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին եւ առաջին առաջարկն է արել անգլիական ակումբին. հաղորդում է TyC Sports-ը։

«Ինտերը» պատրաստ է 30-ամյա դարպասապահի համար վճարել 15 միլիոն եվրո, «Աստոն Վիլան» պահանջում է 25 միլիոն եվրո։ Բանակցությունները շարունակվում են։

Էմիլիանո Մարտինեսի պայմանագիրը «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

«Ինտերը» փոխարինող է փնտրում կամերունցի Անդրե Օնանային, որը տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։

 

 

 

ՄԲԱՊԵՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» առաջարկից, որով կարող էր մեկ տարում ստանալ 700 միլիոն եվրո. հաղորդում է Relevo-ն։

«Ալ Հիլյալը» փարիզյան ակումբին Մբապեի տրանսֆերի համար առաջարկել էր 300 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն ընդունել էր առաջարկը եւ թույլատրել էր «Ալ Հիլյալին» բանակցել Մբապեի հետ։

Ֆուտբոլիստը ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն անվճար տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

ՊՍԺ-ն պահանջում է պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2025թ. հունիս, քանի որ ունեցել են այդ մասին բանավոր պայմանավորվածություն։

 




Լրահոս