«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գրասենյակի գործունեությունը դադարեցվել է, իսկ լուծարման պատճառը դարձյալ ընտրակեղծիքներն են եղել:
Գրել էինք, որ Մալաթիայում ՔՊ-ն թեւերի է բաժանված եղել. մի թեւն ուղղորդվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի կողմից, մյուս թեւը՝ ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի տիկնոջ ազգական, Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի խորհրդի նախագահ Էդգար Հակոբյանի կողմից: ՔՊ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների ընտրությունների ժամանակ կողմերը իրենց ցանկալի մարդկանց ցուցակներ են տվել շարքային ՔՊ-ականներին, որպեսզի ընտրեն, եւ այդ կեղծիքը պատահաբար բացահայտվել է:
Պատգամավոր Էդգար Հակոբյանն իր համար է ցանկալի ցուցակ տվել, իսկ թաղապետ Բարխուդարյանը՝ իր, ու երբ բացահայտվել են կեղծիքները վերստուգիչ հանձնաժողովի անդամների կողմից, որոշվել է կասեցնել կուսակցության գրասենյակի գործունեությունը մինչեւ տարածքային կառույցի խորհրդի նախագահի եւ անդամների նոր ընտրությունները՝ ավելի հարթ պայմաններում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, Մալաթիայի ՔՊ տարածքային խորհրդի ընտրություններից բարձրացած մեծ աղմուկից հետո երեկ ընտրվեցիք խորհրդի նախագահ: Ինչպե՞ս ստացվեց, որ վերջապես համաձայնության եկաք, միաձա՞յն եք ընտրվել խորհրդի նախագահ, թե՞ տարաձայնություններ են եղել:
-Տեխնիկական խնդիր էր եղել, կեղծիքներ չէին եղել, խորհրդի կազմի ընտրությունները հետաձգվել էին: Ես միաձայն եմ ընտրվել, ոնց որ կարգն է, ընտրություններն անցել են, տարակարծություններ չեն եղել իմ թեկնածության շուրջ:
-Ընտրակեղծիքների բացահայտումից հետո Մալաթիա-Սեբաստիայի ՔՊ տարածքային կառույցի շտաբը լուծարվել էր. հիմա ի՞նչ իրավիճակ է, արդեն գործո՞ւմ է շտաբը:
-Շտաբը չէր լուծարվել. քանի որ գործող խորհրդի լիազորությունների ժամկետը լրացել էր, պետք է նոր ընտրություններ լինեին, այդ ընթացքում հանգիստ էր, նիստեր չէին լինում, բայց հիմա կառույցը նորմալ գործում է:
-Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ձեր եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հարաբերությունները, կառույցի խորհրդի նախագահի եւ կազմի ընտրություններով պայմանավորված, լարվել են, քանի որ նա իր համար ցանկալի մարդկանց ցուցակ է ներկայացրել, իսկ Դուք Ձեր ցուցակն եք ներկայացրել, որպեսզի այդ մարդկանց ընտրեն. ի՞նչ կասեք այս մասին:
-Տարաձայնություններ մեր միջեւ չեն եղել եւ չկան, ասեմ ավելին՝ նա չի էլ առաջադրվել որպես խորհրդի նախագահի թեկնածու, ինչո՞ւ պետք է տարաձայնություններ լինեին: Ինքն ի սկզբանե ասել էր, որ չի առաջադրվելու կառույցի խորհրդի նախագահի պաշտոնում:
-Նա չի առաջադրվել, բայց փորձել է իր համար ցանկալի ցուցակ ներկայացնել, ինչի հետ Դուք համաձայն չեք եղել, սրանից էլ տարաձայնություններ են առաջացել ձեր միջեւ:
-Նման բան չի եղել, մամուլում գրված էր, որ մրցակցություն կա մեր միջեւ, բայց եթե ինքն անգամ չի էլ առաջադրվել՝ որպես խորհրդի նախագահի թեկնածու, ինչի՞ն էր պետք ցուցակ ներկայացնել: Չկա նման բան, կառույցի խորհրդի նախագահի գործը այնպես չի, որ հեշտ է, ծանր գործ է, այդքան բնակիչների հետ աշխատում ենք: Այնպես որ, դժվար թե, մարդ ցանկանա՝ խախտում անի, որպեսզի կառույցի խորհրդի նախագահ ընտրվի. դա ուղղակի լրացուցիչ բեռ է ու պատասխանատվություն:
-Պարո՛ն Հակոբյան, արդեն որոշվե՞լ է՝ Մալաթիա-Սեբաստայում ՔՊ նախընտրական շտաբը որտեղ է լինելու, ով է շտաբը ղեկավարելու։
-Շտաբները դեռ չեմ կարող ասել, չգիտեմ, շտաբի ղեկավարն էլ դեռ չգիտենք, նման քննարկումներ չենք ունեցել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱՐԴՅՈՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ ԷԻՆ
Ստեփանակերտի Վերածննդի եւ Երեւանի Ազատության հրապարակներում տեղի ունեցան համաժամանակյա հանրահավաքներ: Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կամրջեցին երկու հրապարակները՝ միավորելու բոլորի ձայները եւ վերահաստատելու միասնական պայքարը:
Հանրահավաքի ժամանակ պահանջներ ներկայացվեցին Հայաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս մասին զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է նախատեսվում այսօրվա հանրահավաքի ընթացքում, եւ արդյոք գոհ են երեկվա համաժամանակյա հանրահավաքից։
«Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ էր, իհարկե, շատ ավելի ցանկալի կլիներ, որ Երեւանում էլ շատ մարդիկ հավաքվեին, որովհետեւ սա, ի վերջո, որոշում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր ժողովրդի կարծիքը իմանանք, իսկ ժողովրդի կարծիքը իմանում ենք նաեւ այսպիսի հանրահավաքներում։
Մենք երեկ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել ենք մեր պահանջները հանրահավաքի ժամանակ, Արցախի պետնախարարն է դրա մասին խոսել, եւ դա իր անձնական մոտեցումը չէր, այլ պետության։ Մենք անթույլատրելի ենք համարում որեւէ քայլ, որը ուղղված կլինի Արցախն Ադրբեջանին բռնակցելուն. սա խայտառակություն է, ազգային արժեքների ոտնահարում, եւ երբեք չպետք է տեղի ունենա։
Արցախում ակցիաները շարունակվում են շուրջօրյա իրականացվել, բայց այսօրվա համար դեռ կոնկրետ օրակարգ նախատեսված չէ։
Կարեւոր է, որ Հայաստանում էլ մարդիկ հասկանան, որ ժամանակը եկել է, որ իրենց ձայնը բարձրացնեն եւ ստիպեն կառավարությանը, որպեսզի չշեղվեն ազգային շահերից։ Սա արդեն ոչ թե ներքաղաքական խնդիր է կամ աթոռակռիվ, այլ նման քաղաքականությունը, որը վարում է պաշտոնական Երեւանը, բերելու է ողբերգության, եւ դա փաստ է։ Դե հիմա եթե ուզում են կոտորվել, թող կոտորվեն, ի՞նչ ասեմ. եթե պետք է մենք զինանշանը փոխենք, որ առյուծ չկա այստեղ, դե թող ոչխար դնեն, որ ավելի ճիշտ լինի. դա՞ են ուզում։ Ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, ժողովուրդն իր կարծիքը պետք է արտահայտի: Երբ Երեւանում փակում էին փողոցներ իշխանափոխության համար, դա լավ էր, ազգային շահի համար լավ չի՞. փողոց չէ, ամբողջ Երեւանը պետք է փակվի»։
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՂԵԿԻՆ ԵՂԵԼ Է ՎԱՐՈՐԴԸ
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վթարից րոպեներ հետո հայտնվեց Բաղրամյան պողոտայում: Իսկ ո՞վ է նա: Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Պռոշյան- Բաղրամյան պողոտան, եւ այդ խառնաշփոթ իրավիճակում «Մայբախ» մակնիշի մեքենան վթարի ենթարկեց պարեկին: Մենք պարզեցինք որ 01PO 011 համարանիշով, «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, սակայն ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը: Նկատենք, որ դեպքից րոպեներ հետո մի խումբ անձանց հետ դեպքի վայր եկավ հենց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, զրուցեց ոստիկանների հետ ու գնաց:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2 տարի առաջ Վահե Պետրոսյանը աչքի ընկավ իր հայտարարություններով՝ եկամտահարկի վերադարձի օրենքի նախագծի շուրջ: Նա հայտարարել էր, որ սա ցնցում կառաջացնի շուկայում:
«Եթե եկամտահարկի վերադարձի օրենքի նախագիծն այդ տեսքով ընդունվի, 2 տարի հետո՝ 2024 թվականից սկսած, քաղաքաշինական ծրագրերի տեմպերն էական՝ 70-80 տոկոսով անկում կունենան: Ըստ նրա՝ դրա հետեւանքները կլինեն արտագնա աշխատանքի գնացող հազարավոր մարդիկ, շինարարական արտադրանքի արտադրությունների դադարեցումը եւ այլն: Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել եկամտային հարկի վերադարձի ծրագրում՝ պատճառաբանելով, որ այդ ծրագիրը բյուջեի համար ծանր բեռ է դարձել:
Ըստ շրջանառվող նախագծի, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից եւ դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում:
ԿՀԱՍՆԻ՞ ԱՐՑԱԽ
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի իշխանական աղբյուրներից տեղեկացավ, որ Երեւանից Արցախ շարժվող տասնյակից ավելի հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները, հնարավոր է, այդպես էլ չհասնեն արցախցիներին, քանի որ Ադրբեջանը ցանկացած միջոց կձեռնարկի, որպեսզի բեռները տեղ չհասնեն: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանությունները հերթական թատերական բեմականացումն են ցուցադրում, հատկապես՝ երեկվա համաժողովրդական հանրահավաքից եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո: Հավելենք, որ Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին հումանիտար օգնությունը Արցախ առաքելու նպատակով: Ըստ նրա՝ հումանիտար օգնության բեռնատարները 19-ն են։ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։ Դեղորայք չկա։ Հիշեցնենք, որ Հայաստանը Արցախ է ուղարկում 400 տոննա հումանիտար օգնություն, բեռը կհասցվի մինչեւ Կոռնիձոր, այնուհետեւ խաղաղապահների միջոցով կփոխանցվի արցախցիներին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ