Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին՝ կուզեի ընդգծել հետեւյալ միջանկյալ արդյունքներն ու հետագա անելիքները.
- Այս ընթացքում հրապարակային ու փակ ձեւաչափով գործադրված մեր ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսեւորվել է նաեւ մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով:
- Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության եւ ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսեւորվում են տարբեր հրապարակումների տեսքով:
- Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը եւ օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել եմ աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել: Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է՝ Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջեւ, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը:
- Կոչ ենք անում այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետեւել Հայաստանի Հանրապետության օրինակին եւ Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
- Նաեւ մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն:
- Միաժամանակ, սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների ու միջոցառումների, որոնք, հուսանք, շոշափելի արդյունքներ կապահովեն այս աղետալի իրավիճակի վերացման հարցում: Այդ առումով մենք ցուցաբերում ենք համապատասխան նախաձեռնողականություն ու պատասխանատվություն մեր ունեցած սահմանափակ հնարավորությունների շրջանակներում:
- Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առավելագույն ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի կատարման եւ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու եւ շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ:
- Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետեւողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական Միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու եւ հրատապ գործողության մղելու նպատակով: Դրանք կարող են ներառել քաղաքացիական անհնազանդության, իրազեկման, բողոքի եւ այլ ակցիաներ՝ օգտագործելով թույլատրելիության սահմաններում կոշտ ու ոչ ստանդարտ մեթոդներ:
- Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ եւ՛ քաղաքական, եւ՛ հումանիտար, եւ՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը ըստ զարգացումների կիրառելու նպատակով:
- Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը եւ մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու եւ գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը եւ շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միեւնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցներն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ եւ համատեղ քննարկելու ենք մեր անելիքները»:
ՆՈՐ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ 2023 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Արցախի ԱԺ-ից:
ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է
Հուլիսի 26-ին ՀՀ ռազմական կցորդների ամենամյա հավաքների շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ հանդիպման ընթացքում ռազմական կցորդները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Նախարար Պապիկյանը ռազմական կցորդներին ներկայացրել է ՊՆ բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղությունները եւ, ամփոփելով հավաքները, տվել է համապատասխան հանձնարարականներ:
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
Հայաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, որն այս պահին գտնվում է ամբողջական շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում որոշումներ են կայացվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային եւ բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ: Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից արգելափակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Սկզբնական շրջանում միջանցքն արգելափակել էին, այսպես կոչված, բնապահպաններ՝ բնապահպանական կեղծ հիմնավորումներով եւ պահանջներով, իսկ միջանցքի երթուղին փոխելուց հետո Ադրբեջանն ապօրինի անցակետ տեղադրեց միջանցքում՝ խոչընդոտներ հարուցելով ազատ տեղաշարժի համար։ Սկզբնական շրջանում միջանցքով որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, կար, ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ սահմանափակ քանակով մարդասիրական բեռ մտնում էր Լեռնային Ղարաբաղ, նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բուժման կարիք ունեցող անձինք տեղափոխվում էին Հայաստան եւ հակառակ ուղղությամբ։ Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը։ Արդեն 40 օր է՝ ոչ մի կիլոգրամ սնունդ Արցախ չի մտել։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«Այստեղից չենք գնալու, մինչեւ Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի. թե մեկ շաբաթ կտեւի, թե 10 օր կտեւի, մենք պետք է տեսնենք իրեն»,- հուլիսի 26-ին՝ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, նշեց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան:
«Ինձ թվում է՝ մենք շատ ժամանակ չենք խլի իրենից, մեզ հետաքրքրող երկու հարց կա՝ մեր տղերքի հարցը, որ անհայտ բացակայող են, եւ ձգձգվող դատական պրոցեսը: Դատական պրոցեսից ակնկալիքը այնպիսին է, որ իրենք չեն ուզում պատիժներ կիրառել: 35 տղաներ անհետ կորած են, ու Անդրանիկ Մակարյանն (խոսքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի մասին է – խմբ.) անգամ կալանքի տակ չէ: Երեւի բարեկամական կապ կա վարչապետի հետ, ես չգիտեմ: Մենք ուզում ենք, որ հետեւողական լինեն դատական պրոցեսին, հաճախ լինի, վկաները գան, պատմեն՝ ոնց է եղել»,-ասաց նա:
Անհետ կորածի մոր խոսքով՝ ամենաահավորն այն է, որ իրենք չգիտեն, թե որտեղ են իրենց որդիները, ինչ կարգավիճակում են. «Խծաբերդից գերեվարվածներին Ադրբեջանը համարեց ահաբեկիչ, բա պատերազմի ընթացքում գերեվարվածներ չունե՞նք մենք, ռազմագերիներ չունե՞նք: Ռազմի դաշտում գերի ընկածներն ո՞ւր են:
Ամեն տեղ մեզ ասում են՝ աշխատում ենք: Բա ե՞րբ է այդ աշխատանքը վերջանալու. նրանք պարզապես չեն աշխատում: Երեկ ասուլիսում քննարկում էին սմբուկի ու բամիայի հարցը. ուրեմն էս տղերքի հարցը թողել, ընկել էին բադրջանի հետեւի՞ց: Մենք բավականին շատ անհետ կորածներ ունենք»,-ասաց կինը:
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («Քիմիկների զորամաս») զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, եւ սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: