ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում ոչ մի եկամուտ չի նշել: Այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը նախկին փոխվարչապետին իրեն խորհրդական է դարձրել, բայց չի վճարում:

 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է Փաշինյան-Մաթեւոսյան վեճերին։ Նման մի վեճի պատճառով էլ Փաշինյանը Մաթեւոսյանին հրաժարականի դիմում գրել է տվել հենց հարսանիքի հաջորդ օրը։ Փաշինյանի սրտով չի եղել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որի ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր, այնինչ պլանավոված է եղել, որ ընտրվելու է Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն (ըստ երեւույթին՝ Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը), սակայն չի ընտրվել: Ընտրություններին հաջորդել է Մաթեւոսյանի ինքնակամ հրաժարականը։

Մաթեւոսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանում, որը ձեռք է բերել 2017 թվականին, երբ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական էր: Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Մաթեւոսյանը եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական, որից հետո էլ սկսվել է Մաթեւոսյանի խորհրդականի կարիերան:  Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 425 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները ՝ 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար:  Վարչապետի գլխավոր խորհրդականը որեւէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի եկամուտների եւ գույքի մասին հայտարարագրում Մաթեւոսյանը նշել է 15 մլն 490 հազար դրամ: Այդ ժամանակահատվածում խորհրդականը զբաղեցնում էր Արմավիրի մարզի մարզպետի պաշտոնը, որի համար ստացել է 12 մլն 780 հազար դրամ աշխատանքի վարձատրություն: Նույն թվականի նորեմբերի ստանձնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը եւ ստացել 2 մլն 710 հազար դրամ: Իսկ փոխվարչապետ եղած ժամանակ նա ՀՀ Կառավարությունից աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 21 մլն 306 հազար դրամ, բայց, որպես խորհրդական, որքան եկամուտ է ստացել եւ որքան է վարձատրվել՝ անհայտ է:  Մաթեւոսյանի կինը՝ Անի Բունիաթյանը եւս ոչ մի ֆինանսական միջոց չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի եկամուտների եւ գույքի մասին հայտարարագրում կինը նշել է 700 հազար դրամ աշխատանքի վարձատրություն «ԼՈՒՍԻՏԵՔ» ՍՊԸ-ից եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Ինչպես ստացվեց, որ գյումրեցի Մաթեւոսյանը, որ աշխատում էր Ամերիկյան համալսարանում որպես խորհրդական, 2018 թվականին դարձավ Արմավիրի մարզի մարզպետ: Նա այն նորելուկ քաղաքական գործիչներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո յուղալի պաշտոններ ստանձնեց եւ մինչ այսօր տեղից տեղ տեղափոխվելով՝ վերջիվերջո հաստատվեց այնտեղ, որտեղ ՔՊ-ի հայրն է:

 ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԸ՝ ՊԱՏՈՒՀԱՍ

Տավուշի մարզում սկսվել է 25-օրյա ռազմական վարժական հավաքների մասնակիցների հավաքագրումը։ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական իշխանության, Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի նկատմամբ գրեթե ընդհանուր անվստահության պայմաններում սահմանամերձ մարզի տղամարդիկ չեն ցանկանում այդ հավաքների մասնակիցներ դառնալ։ Զինկոմիսարիատից նույնիսկ առաջարկներ կան այդ հավաքներին մասնակցել հրաժարվողներից ոմանց դատել, որպեսզի մյուս հրաժարվողներին դա դաս լինի։ Դեռեւս Տավուշի մարզում վարժական հավաքներին մասնակցել հրաժարվողներից որեւէ մեկի հանդեպ դատ ու դատավճիռ չի եղել։ Մինչեւ տարեվերջ նման 6 վարժական հավաք է լինելու։

 

 

 

 

ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ ԶՈՒ-ՈՒՄ

ՏՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հայտարարում է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության երկրորդ փուլը՝ միասնական քննությունների արդյունքներով ընդունելության համար սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած եւ կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար: Այդ մասին Տավուշի մարզպետարանը հայտարարություն է  տարածել։ Դիմորդները ռազմական համալսարանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հանձնեն գործնական քննություն` ֆիզիկական պատրաստությունից։ Թեստային առաջադրանքների միջոցով կստուգվի նրանց ընդհանուր գիտելիքների եւ զարգացվածության մակարդակը: Երկրորդ փուլի ընդունելության վերջնաժամկետը 2023 թ. օգոստոսի 1-ն է: Մինչեւ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելու համար մրցություն էր, քննություններից դրական գնահատական ստացած ոչ բոլորն էին ընդունում այդ ռազմական բուհ։ 2018-ին իշխանության եկածները Ադրբեջանի հետ բանակցություները ձախողեցին, բանակը պարտության տարան, կապիտուլյացիա ստորագրեցին, բանակի հեղինակությունը խարխլեցին, հիմա էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը համալրում են միասնական քննություններից կտրվածներով։

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՆԱՆՑ ԳՈՒՄԱՐՏԱԿԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսուհետ կանայք նույնպես կարող են մասնակցել հայրենիքի սահմանների պաշտպանությանը` ծառայության անցնելով զինված ուժերի կանանց նորաստեղծ գումարտակում: Հայտարարության մեջ նշված է, որ պայմանագրային զինծառայողներ դառնալու համար կանայք կարող են դիմել Դիլիջան համայնքապետարան կամ զանգահարել տրված հեռախոսահամարին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս