ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵՆ ԹՈՒՆԵԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախատեսվում է 2024 թվականին հիմնանորոգել Դիլիջանի եւ Պուշկինի թունելները, որոնք կառուցումից ի վեր չեն հիմնանորոգվել, առկա են լուրջ ու բարդ խնդիրներ: 

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի եւ դրանց կատարողական հիմնական ցուցանիշների վերաբերյալ քննարկմանն ունեցած ելույթից:

«Կարեւոր ծրագիր, որ հաջորդ տարի կյանքի կկոչենք, եւ բյուջեում նախատեսել ենք, մեր երկու խոշոր թունելների՝ Դիլիջանի եւ Պուշկինի թունելների շինարարությունն է: Այս տարի մրցույթն անցկացրել ենք, ընկերությունը կա, արդեն իրականացնում է նախագծման աշխատանքները: Այս թունելները կառուցումից ի վեր երբեք չեն հիմնանորոգվել, այլ պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են եղել: Եվ մենք հիմա միջազգային մրցույթով պատվիրել ենք նախագիծ, որ երկու թունելն էլ հիմնանորոգենք»,-ասաց Սանոսյանը:

Նախարարը նկատեց՝ վարորդներն անցնելիս միգուցե հիմնականում բողոքում են լուսավորության, կահավորման հարցերից, բայց մասնագիտական առումով այդ թունելներում շատ ավելի լուրջ ու բարդ խնդիրներ կան: Եվ հիմա պետությունը մտադիր է այդ թունելներում առկա խնդիրները լուծել, երկու թունելն էլ հիմնանորոգել 2024-ին:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրրքվեց՝ այդ ընթացքում, օրինակ, Դիլիջանի թունելը փակվելու է արդյոք. նախարարը դրական պատասխան տվեց: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ծովագյուղից դեպի Դիլիջան նախկին շրջանցիկ ճանապարհը պարբերաբար տեսքի են բերել, որոշ հատվածներ նորոգել են, փոսալցման աշխատանքներ են արել, որ այդ ճանապարհը փոխարինի թունելին շինարարական աշխատանքների ընթացքում:

Անդրադառնալով ավիացիոն ոլորտին՝ նախարարը նշեց, որ Եվրամիության ավիացիոն «սեւ ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են:

Հաջորդ տարի նախատեսվում է ավիացիոն ոլորտին տրամադրել  1.6 մլրդ դրամ:

«Այս ոլորտում բավականին ակտիվ փուլ ենք մտել՝ սեւ ցուցակից դուրս գալու գործընթացի առումով: Եվ լուծել ենք մեր առջեւ եղած խնդիրների առնվազն կեսը, զբաղվում ենք մյուս կեսի լուծմամբ՝ վերապատրաստումներ, տարբեր գործընթացներ, որոնց համար նաեւ գումարներ են նախատեսված»,- ասաց Սանոսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ հիմա ոլորտը բավականին արագ զարգացման տեմպ ունի:

Հայկական ավիացիան Եվրամիության «սեւ ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:

 




Լրահոս