«ՄԱՅԲԱԽ»-Ի ՏԻՐՈՋ ԿԱՊԵՐԸ՝ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին նոր եւ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 26-ին Պռոշյան եւ Բաղրամյան խաչմերուկում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մեքենայի սեփականատեր Վահե Պետրոսյանի մասին: Եվ այսպես, դեռեւս 2016 թվականի մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության կազմից Պետական եկամուտների կոմիտեն առանձնացնելուց եւ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին նշանակելուց հետո Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, կարելի է ասել, պարալիզացվել է: Բանն այն է, որ հիմնական փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում է միջնորդ ընկերությունների կողմից, որոնց ընդունված է անվանել «կարգոներ»: Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում են գնման երկրում եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այս սովորաբար հաշվարկվել են տվյալ բեռի քաշով, սակայն ՊԵԿ-ի «անկախանալուց» հետո «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով: Արդյունքում փոքր եւ միջին գործարարների մոտ ապրանքների ինքնարժեքները սկսել են կտրուկ բարձրանալ: Դա է պատճառը, որ գործարարները նախընտրել են միառժամանակ իրենց գործարքները սառեցնել, մինչեւ որ ՊԵԿ-ում ծավալված փոփոխությունները կավարտվեն, եւ խաղի կանոնները կհստակեցվեն: Մեր տեղեկություններով՝ «կարգոներին» «ներքին կարգով» արդեն զգուշացվել է, որ բոլորն իրենց գործունեությունը պետք է ծավալեն Չարբախում անցած տարվա հուլիսի 7-ին մեծ շուքով բացված «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի մաքսային պահեստների միջոցով: Տեղեկացնենք, որ 7 հեկտար տարածք զբաղեցնող այս մաքսային պահեստները կառուցվել են բանկի տրամադրած միջոցներով: Կառույցի շինարարությունը արժեցել է մոտ 20 մլն դոլար: «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վահե Պետրոսյանը, որը նաեւ ընկերության հիմնադիրներից է: Վերջինս միաժամանակ հանդիսանում է նաեւ «ԼՈԳԻԿՈՆ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը: Ասել է թե՝ պատահական չէ, որ Վահե Պետրոսյանը «Մայբախ» մեքենա է վարում, քանի որ նախկինների հետ բավականին սերտ կապերի մեջ է եղել եւ իրականացրել է ամենաեկամտաբեր հաշվապահությունները։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 31-ին, հավաքույթ է իրականացնելու. ՔՊ-ն, ավագանու ընտրություններին ընդառաջ, դրամահավաք է կազմակերպելու: Տեղեկացանք, որ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է, իսկ հավաքույթի անցկացման վայրի հետ կապված դեռ քննարկում են, բայց հավանական է, որ ՔՊ-ն հավաքն անցկացնի «Դվին» ռեստորանում: Ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, հավաքույթով պայմանավորված՝ կուսակցությունում այս օրերին շատ խառն են, պատրաստվում են, որպեսզի հավուր պատշաճի անցնի միջոցառումը: Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխացնում, Նիկոլ Փաշինյանը ներքին կարգով պատգամավորներին հրահանգել է՝ ամեն մեկն իր կողմից առնվազն 5 հյուր բերի, որպեսզի հավաքույթը մարդաշատ անցնի. բացի սա, պատգամավորներին ասվել է, որ իրենց բերած հյուրերից յուրաքանչյուրը 20.000-ական դրամ պիտի նվեր տա իշխող կուսակցությանը դրամահավաքի անվան տակ: Նշենք, որ ՔՊ-ն նման դրամահավաք արել էր նաեւ 2017, 2018 եւ 2021 թվականներին։ Տարեցտարի նրանց նվիրատուների, առավել եւս՝ անանուն նվիրատուների թիվը մեծացել է: Հիշեցնենք, որ երբ ՔՊ-ն ընդդիմադիր էր, այդպիսի շռայլ դրամներ ու նվերներ չէր ստանում:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում բյուջեից ծախսել է 43 մլն 192 հազար դրամ: Հիշեցնելով Պետական վերահսկողական ծառայության գործունեության բնույթի մասին՝ կարող ենք ասել, որ այն վարչապետին կից գործող կառույց է, որը վերահսկում է պետական կառույցների գործունեությունը, բացահայտում եւ հայտնաբերում է թույլ տրված խախտումները: Տեսնելով պետական գնումներում Պետական վերահսկողական ծառայության կատարած գնումները՝ կարող ենք ասել, որ որեւէ գնում չի համապատասխանում կառույցի բնույթին: ՊՎԾ-ի կատարած՝ միլիոններ արժեցող գնումներից են՝ տեքստիլի մաքրման ծառայություններ, փաստաթղթերի կառավարման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություններ, թուղթ՝ A4 ֆորմատ, ձեռքի թղթե սրբիչներ, համազգեստ, ուղղագրության ստուգման ծրագրեր եւ նմանատիպ այլ գնումներ, որոնց վրա ծախսվել է 43 մլն դրամ: Այսինքն՝ կառույցը գումարներ է ծախսել միայն սեփական կարիքները հոգալու համար։ Նշենք, որ ՊՎԾ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիման վրա, որը մշակվել է 2015-2018 թվականների սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Այսպիսով, այս կառույցի գործունեությունը եւ կայունությունը ձեռք է տալիս այն իշխանական կառույցներին եւ մարդկանց, որոնք ուզում են հեշտ ֆինանսական միջոցներ կուտակել եւ ոչ մի աշխատանք դրա դիմաց չկատարել: Որքանո՞վ է արդարացված այս կառույցի գոյությունն ընդհանրապես, եթե, բացի մշտադիտարկումներից, ոչ մի արդյունավետ գործողություն չի իրականացնում, էլ չասենք, որ կառույցի բացահայտումներից մեկին իր անվստահությունն է հայտնել նաեւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որի ղեկավարած ոլորտի գործունեությունը ստուգել էր ՊՎԾ-ն:

 

 

 

Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ հարուցված քրեական գործով Ավանի դատարան է հրավիրվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Վերջինս դատարան է հրավիրվել վկայի կարգավիճակով, եւ դատարանում կարծիք է հնչել, որ նրա հարցաքննությունը բավականին երկար է տեւելու: Նշենք, որ երեկ Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ բոլորին հայտնի Թոխմախի Մհերը, ներկայացել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր: Նրա գործն արդեն երկու տարի է, ինչ քննվում է Ավանի նստավայրում, իսկ գործը քննում է դատավոր Վահագն Մելիքյանը: Իսկ ինչի՞ համար են մեղադրում Աժ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թթ. հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության եւ Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետեւանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գործը գտնվում է դատաքննության փուլում: Նկատենք, որ ապացույցների հետազոտման փուլն էր, եւ կողմերը չցանկացան, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեն դատական նիստը: Նշենք, որ, Մհեր Սեդրակյանից բացի, մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ 5 անձ` Լեւոն Քոչինյանը, Հրաչյա Այվազյանը, Սվետլանա Պետիկի Ասլանյանը, Կառլեն Ռազմիկի Գեւորգյանը, Վահան Գեւորգի Գեւորգյանը: Մեղադրանքը համարվում է չհիմնավորված:




Լրահոս