Ուզբեկստանի Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում իրականացնելու նպատակով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում 2023 թվականի հուլիսի 8-10-ը Տաշքենդ է գործուղվել Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Նրա գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Մոսկվա-Տաշքենդ-Երեւան) եւ օրապահիկը, վճարվել է ՀՀ պետական բյուջեից:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Շիրակ Թորոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ գործունեություն է իրականացրել այնտեղ։
-Պարո՛ն Թորոսյան, ընտրությունների օրը՝ որպես աշխատանքային օր, ո՞ր ժամից եք սկսել:
-Ընտրությունները կիրակի օրն էին՝ հուլիսի 9-ին, քվեարկության պրոցեսը սկսվել է ժամը 8-ից, ավարտվել՝ երեկոյան 8-ին։ Մենք ընտրատեղամասեր եղել ենք ժամը 7:30-ին՝ դիտարկելու նախապատրաստական աշխատանքները։ Դիտարկել ենք իրենց գործողությունները, թե ինչպես են նախապատրաստվում։ Հանձնաժողովի անդամները ստացել են վերջին հանձնարարականները, նստել իրենց տեղերում, եւ իրենց օրհներգի հնչելուց հետո բացվել են տեղամասերը։
-Քանի՞ ընտրատեղամասում եք հասցրել լինել 1 օրում:
-Օրվա ընթացում եղել եմ 6 տեղամասում, այդ թվում՝ Տաշքենդի կենտրոնական եւ ծայրամասային հատվածներում, մասնավորապես՝ գնչուական թաղամասում։
-Ի՞նչ ընտրախախտումներ եք արձանագրել եւ ի՞նչ եք արել արձանագրված ընտրախախտումների պայմաններում:
-Վիզուալ առումով որեւէ ընտրախախտում չեմ դիտարկել, ընտրողները ընտրել են՝ ըստ իրենց Ընտրական օրենսգրքի։ Իմ եղած տեղամասերում ես չեմ տեսել որեւէ աչքի ընկնող բան, որը կարելի էր դիտարկել որպես ընտրախախտում։
-Իսկ ընտրությունների օրը կուտակումներ արձանագրե՞լ եք, ինչպես սովորաբար Հայաստանում լինում է:
-Կուտակումներ չկային, հանգիստ էր ընթանում պրոցեսը։ Ամեն դեպքում, իմ եղած տեղամասերում հանգիստ էր։ Իմ դիտարկման ընթացքում մեկ-երկու ընտրող եմ տեսել կամ երեք-չորս։
-Իսկ ի՞նչ նմանություններ կային ընտրությունների գործընթացում, եւ ի՞նչ տարբերություններ կառանձնացնեիք Հայաստանի ընտրությունների հետ:
-Հայաստանի ընտրությունների հետ համեմատած՝ այսպիսինն է վիճակը. իրենց ընտրական օրենսգրքով սահմանված ընտրական կարգը զուտ արդիական տեխնոլոգիաների առումով զիջում է մեր ընտրական պրոցեսին, որովհետեւ մեր ընտրական պրոցեսը ամբողջովին էլեկտրոնային է, եւ մուտք գործելուց արդեն էկրանին երեւում է ընտրողը, եւ դա հնարավորությւոն է տալիս ավելի կազմակերպված լինել եւ հնարավորինս բացառել ընտրախախտումները։ Այնտեղ այդ համակարգը ներառված չէ։
-Ձեր գնահատմամբ՝ Ուզբեկստանը Հայաստանից ընտրական գործընթացի մասով օրինակ ունի՞ վերցնելու:
-Ես կարծում եմ, որ Ուզբեկստանն ունի Հայաստանից օրինակ վերցնելու բաներ այս առումով, որովհետեւ զուտ արդիական տեխնոլոգիաների առումով մենք շատ առաջ ենք։
-Պարո՛ն Թորոսյան, հիմա Դուք ասում եք, որ Հայաստանը օրինակելի է, բայց երբ Դուք ՀՀԿ-ական պատգամավոր էիք, էլի ասում էիք, որ ընտրախախտումներ չկան ՀՀԿ-ի օրոք, հիմա նույնը ասում եք ՔՊ-ի օրոք: Ձեր ո՞ր հայտարարություններում եք ազնիվ ու անկեղծ:
-Հայաստանը ներկա պահին իր տեխնոլոգիական ներդրումներով ընտրական պրոցեսում ավելի առաջատար է։ Ժամանակի առումով, երբ ժամանակը առաջ է գնում, տեխնոլոգիաները զարգանում են, որոնց ավելի թափանցիկ են դարձնում ընտրական պրոցեսը, այս առումով մենք ավելի առաջ ենք։ Հնարավոր է, որ հինգ տարի հետո շատ ավելի արդիական տեխնոլոգիաներ ներառվեն, եւ ավելի կատարելագործվի ընտրական համակարգը։
-ՀՀԿ-ն էր կեղծարա՞ր, թե՞ ՔՊ-ն:
-Կեղծարար բառը ես չեմ ուզում օգտագործել, ես խոսում եմ ընտրական տեխնոլոգիաների մասին, ես ասում եմ, որ հիմա ավելի արդիական է ամեն ինչ։
Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՏԵՄՊԸ ԴԱՆԴԱՂԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս:
ԿԱՐԵՎՈՐ 1։ 2023թ. հունիսին արտահանման աճն էապես դանդաղել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը, նախորդ ամիսների բարձր աճերի համեմատ, գրեթե զրոյական ցուցանիշ է։ Աճի տեմպի դանդաղումը կազմել է շուրջ 62.5 տոկոսային կետ այն դեպքում, երբ նախորդ տարվա հունիսին աճի արագացումը կազմել էր 35.9 տոկոսային կետ։
ԿԱՐԵՎՈՐ 2։ Աճի դանդաղումը գերազանցում է բազայի էֆեկտի չափը, ինչը մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ աճի դանդաղումը պայմանավորված է ոչ միայն այդ գործոնով, այլ կան նաեւ ուրիշ՝ արտահանման վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններ։ Արտահանման կուտակային՝ հունվար-հունիս ամիսների աճը նույնպես շարունակում է դանդաղել, սակայն դեռեւս բարձր մակարդակում է մնում՝ կազմելով 72.8%։ Այնուամենայնիվ, այս միտումների պահպանման դեպքում կուտակային աճը եւս զգալիորեն կդանդաղի։
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:
Ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:
Անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերով իրականացվող ծրագրերին, մակրոտնտեսական վերջին զարգացումներին, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման եւ ներմուծման տեմպերին:
Առանձին ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծման հնարավորությունները:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված կապիտալ ծրագրերը ժամանակին եւ պատշաճ իրականացնելու վերաբերյալ:
ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նոր որոշում է կայացրել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով կալանավորված սպայի՝ Եղիշե Հակոբյանի մասով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2 ամսով երկարաձգվել է սպայի կալանքի ժամկետը։ Նշենք, որ այս տարվա հունվարի 19-ին սպան բենզինը լցրել էր, որ վառարանը վառի, եւ դրա հետեւանքով կացարանում հրդեհ էր բռնկվել. մահացան 15 զինծառայող, գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։ Արձանագրենք` մինչ այս պահն էլ ծնողները չեն վստահում պաշտոնապես առաջ քաշված վարկածին եւ պարբերաբար իրենց դժգոհությունն են հայտնում տարվող քննության վերաբերյալ:
ԳՑԵՑ ԱՆՀԱՐՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որը նախկինում հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով զրկվել էր վարորդական իրավունքից, երեկ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, անհարմար դրության մեջ է դրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:
Օրար առաջ հրավիրված նիստի օրակարգում բյուջեի քննարկումն էր, որի ժամանակ Նարեկ Ղահրամանյանը, անտեղյակ լինելով, որ նիստը հեռարձակվում է ուղիղ եթերով, հարց է բարձրացնում. «Ես եկել եմ այն եզրահանգմանը, որ պետությունն ավել փող ունի եւ ուղղակի փող է ծախսում՝ աշխատատեղ ապահովելու… Փակ քննարկում է, քանի մենք մերոնցով ենք, ասեմ…, որովհետեւ ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»։
Այս իրավիճակից հետո Գնել Սանոսյանը, անակնկալի գալով, ապշած հայացքով նայում է Բաբկեն Թունյանին:
Այսինքն՝ մեր աչքերի առաջ «համերաշխ» ՔՊ-ականները փակ նիստերի եւ քննարկումների ժամանակ ընդհանրապես այն չեն, ինչ ցույց են տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը հաճախ է անդրադառնում ՔՊ-ի փակ նիստերի ժամանակ տեղի ունեցած վեճերին, որոնց արդյունքը տեսնում ենք նմանատիպ քննարկումների ժամանակ:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ