ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածները հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Մենք՝ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ Շուշիի, Մարտունու, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններից բռնի տեղահանված եւ փախստական դարձած մի քանի տասնյակ հազար հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններս, մեր տարակուսանքն ու զայրույթն ենք արտահայտում հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված մտքերի կապակցությամբ։

 

ՌԴ ԱԳ նախարարը հավասարության նշան է դնում Ադրբեջանի հայաբնակ շրջաններից, Արցախի Հանրապետության ցեղասպանությունից փրկված հայ փախստականների եւ ժողովուրդների սեգրեգացիայի հետեւանքով Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիների միջեւ։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ՌԴ իշխանություններին, որ Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել փոխանակել իրենց տները, իրենց հետ տեղափոխել իրենց ունեցվածքը, Հայաստանի Հանրապետությունից ստանալ փոխհատուցում։

Ի տարբերություն ադրբեջանցիների՝ հայ փախստականները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից, իսկ ովքեր չեն հասցրել կամ չեն կամեցել լքել իրենց բնակավայրերը, դաժանաբար սպանվել են իրենց տներում կամ բակերում։

Ընդգծում ենք, որ վերադառնալու մեր իրավունքը արձանագրված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 7-րդ կետում, որտեղ ասված է. «Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:

Ելնելով վերոհիշյալից՝ կոչ ենք անում  միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին  մեր վերադարձի պայմանների ապահովման համար քննարկումների պատշաճ ֆորմատ ստեղծել՝ ներառելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին: Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը, այլապես մենք չենք կարող ունենալ անվտանգության երաշխիքներ։

Համոզված ենք նաեւ, որ հակամարտության ներկա փուլում չկա այլընտրանք, քան Արցախի եւ Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնյաների ուղիղ բանակցությունները՝ միջազգային երաշխավորների միջնորդությամբ։

Ռուսաստանի Դաշնությանը  հորդորում ենք իրենց պաշտոնական դիրքորոշումը բխեցնել այդ ելակետից։

ՀՀ վարչապետին կոչ ենք անում միջազգային բոլոր ձեւաչափերում բարձրացնել մեր հարցը:

Ողջ միջազգային հանրությանը կոչ ենք անում աջակցել մեր լեգիտիմ իրավունքների պաշտպանությանը:

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ,   Մ. Քարամյան

«Հանուն Հադրութի» ՀԿ,    Լ. Հայրիյան

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ,     Դ. Եղիազարյան

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ,     Վ. Կարապետյան

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ,      Կ. Մովսիսյան

Շուշիի կանանց «Հարմոնիա» ՀԿ ,    Ջ. Առուստամյան»։

 

 

 

 

ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐ՝ ԱՐՑԱԽԻՑ

Հուլիսի 27-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի ԱՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ նախատեսվում է նաեւ ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի եւ բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։

«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա, 5-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

ՊՆ-Ի ԳՈՒՅՔԸ ԿՕՏԱՐՎԻ

Կառավարությունը հուլիսի 27-ի նիստում որոշեց պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված Երեւան, Կենտրոն, Այասի փողոց 78/6 հասցեում գտնվող, 0.39 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում՝ օտարման առաջարկվող գույքը պետք է հետ  վերցվի նախարարությունից եւ ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։

Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 742 370 դրամ:

Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 229 742 370 դրամ:

 

 

 

 

 ԳՈՒՄԱՐ՝ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ

Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել եւ Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2.5 միլիարդ դրամ։

Համապատասխան որոշման նախագիծը, որը  կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն:

Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման եւ ոչ ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ.-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ:

Որոշման նախագծով նախատեսվում է կատարել վերաբաշխում, որն ուղղվելու է ՀՀ ԶՈՒ կարիքների բավարարմանը:

 

 

 

 

 

ԾՆՈՂՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՏՎԵԼ

Հուլիսի 26-ին՝ շուրջ 9 ժամ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո, անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին ճանապարհը: ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ զրույցից հետո համաձայնության են եկել. կսպասեն մինչեւ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի վերադարձը, որից հետո ծնողների հետ հանդիպում կկազմակերպվի:

Ծնողները հստակ պահանջ են ներկայացրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ՆԳՆ-ից նրանց տեղեկացրել են, որ ինչ էլ անեն, միեւնույնն է, չեն հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողները, վրդովվելով այս իրավիճակից, ժամանակ են սահմանել հանդիպում կազմակերպելու համար: Մինչ նախարարի վերադարձը՝ օգոստոսի 10-ը, պետք է կապ հաստատեն ծնողների հետ եւ հանդիպում կազմակերպեն:

Ծնողներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե կրկին հանդիպում չկազմակերպվի, նրանք կգնան կոպիտ քայլերի եւ միայն փողոց փակելով չեն սահմանափակվի: Նշենք, որ նրանք պահանջում են հանդիպում նաեւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

Ո՞Վ ԿՓՈԽԱՐԻՆԻ

Մամուլում երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին Արցախի աղբյուրները հայտնեցին, Թովմասյանի հրաժարականի գլխավոր պատճառը առողջական խնդիրներն են. մտերիմների շրջանում Արթուր Թովմասյանն ասել է, որ այն էլ այս գերլարված իրավիճակում ուժերը չեն ներում այլեւս պաշոնավարումը շարունակելու համար:

Այս պահին Արցախում բուռն քննարկումներ են ԱԺ նոր նախագահի մասով:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի Արցախի աղբյուրներն են նշում, Արայիկ Հարությունյանի «սրտի թեկնածուն» Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, որի հետ այս ընթացքում բանակցություններ են վարում, սակայն Իշխանյանն իր վերջնական համաձայնությունը դեռ չի տվել:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 




Լրահոս